Հնդկաստանում գյուղացին իր տունը տրամադրել է գյուղի դպրոցին ու ընտանիքի հետ տեղափոխվել խրճիթում ապրելու
Հասարակություն
08:59 08/09/2025
Աշխարհ

Հնդկաստանում գյուղացին իր տունը տրամադրել է գյուղի դպրոցին ու ընտանիքի հետ տեղափոխվել խրճիթում ապրելու

Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ռաջաստան նահանգի Պիպլոդի բլրոտ գյուղի մի ֆերմեր հայտնվել է անսպասելի ուշադրության կենտրոնում։ BBC-ն գրում է՝ հնդիկ 60-ամյա Մոր Սինգհը երբեք դպրոց չի գնացել, բայց իր տունը հանձնել է գյուղական դպրոցին։ Նրա անձնուրաց արարքը հայտնվել է քննարկումների կենտրոնում։ Նա դարձել է հերոս։ 

Գյուղի դպրոցը լրջորեն վնասվել է ուժեղ անձրևների պատճառով։ Նրա համեստ երկսենյականոց բնակարանն այժմ գործում է որպես տարրական դպրոց, որտեղ սովորում են գյուղի 50-60 աշակերտներ։ Անցյալ շաբաթ նահանգի կառավարությունը պարոն Սինգհին 200,000 ռուփի (2,266 դոլար) ֆինանսական օգնություն է տրամադրել իր քայլի համար։



Անցած ամառ Ռաջաստանում 70 տարվա ընթացքում գրանցվել է ամենաանձրևոտ հուլիսը,  նահանգում տեղացել է 285 մմ անձրև։ Հուլիսի 25-ին Պիպլոդիում դպրոցի տանիքը փլուզվեց, որի հետևանքով մահացավ յոթ երեխա, վնասվածքներ ստացավ 21 երեխա, իսկ գյուղի դպրոցը դարձավ օգտագործման համար ոչ պիտանի։

Դեպքից երկու օր անց պարոն Սինգհը և նրա ընտանիքը, այդ թվում նաև նրա երկու տարեկան թոռը, տեղափոխվեցին բամբուկից և բրեզենտից պատրաստված խրճիթ՝ տունը տրամադրելով աշակերտներին։

«Եթե ես այդ որոշումն  արագ չկայացնեի, շատ երեխաներ կհեռանային դպրոցից։ Մոտ գտնվող միակ դպրոցը կողքի գյուղում է, երկու կմ հեռու, ճանապարհն անցնում է բլուրների միջով։ Բարձր դասարանի աշակերտները կհաղթահարեին դժվարությունները, կրտսերները՝ ոչ», - ասել է նա։

Ընտանիքն այս տուն տեղափոխվել էր 13 տարի առաջ, տունը կառուցել էին երեք տարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանում գյուղացին իր տունը տրամադրել է գյուղի դպրոցին ու ընտանիքի հետ տեղափոխվել խրճիթում ապրելու