30 տարի է չկարողացան կառուցել, հիմա եկել է «ժողովրդավարական իշխանությունը» և մեծ վտանգ կա. Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները քաղաքապետարանի առջև են
Հասարակություն
10:04 09/09/2025
Հայաստան

30 տարի է չկարողացան կառուցել, հիմա եկել է «ժողովրդավարական իշխանությունը» և մեծ վտանգ կա. Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները քաղաքապետարանի առջև են

Երևանի ավագանու այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի թվում է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա հ. 45/6 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու որոշման նախագիծը։

Սակայն այդ տարածքի բնակիչները պայքարում ենք, որպեսզի բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։

«Մենք ակտիվ մասնակցել ենք օրենքով նախատեսված չորս հանրային քննարկումներին, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։Սակայն մեր ուրախությունը երկար չտևեց: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը վերջին հանրային քննարկմանը նույնպես տվել է բացասական եզրակացություն 18-հարկանի շենքեր չկառուցելու համա»,- նախօրեին գրել էր հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

Այսօր բնակիչները հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է ավագանու նիստը։

«30 տարի է այս պատմությունը եղել է, բայց 30 տարի չի կառուցվել։ Ժողովուրդը կարողացավ իր պայքարով հասնել նրան, հիմնավորել, որ չի կարելի։ Հիմա եկել է ժողովրդավարական իշխանությունը, որի ժամանակ մեծ վտանգ է սպառնում, որ կարող է կառուցվել։

Մենք ուզում ենք դաստիարակել ապագա զինվորներ, երեխաները պետք է սկսեն իրենց հետ մրցել հենց շենքների բակերում»,- ասաց ակիցիայի մասնակիցներից մեկը։ 

Նա նշեց, որ մասնակցել է  հանրային քննարկումների թաղապետարանում, բոլոր մասնագետները հաակարծիք են եղել ժողովրդի հետ, որ օգտակար կլինի այնտեղ կառուցել սպորտային հարթակ։ 

Չախոյանն ասաց, որ որոշման նախագիծը չզեկուցվող է. «Նույնիսկ այս հարցը չեն ուզում քննարկեն։ Սա անօրինականություն է, քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարում»։ 

Ըստ նրա, եթե նույնիսկ օրակարգից հանվի այս նախագիծը, իրավական ընթացքով, իր իմացած օրենքով, եթե ավագանու անդամները չեն քվեարկում «դեմ» կամ «կողմ», անկախ ամեն ինչից նախագիծը ստանում է  դրական եզրակացություն։ 

Ակցիայի մեկ այլ մասնակից նշեց, որ իրենք ուզում են հանդիպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ ու հարցին տրվի դրական լուծում, երաշխիք, որ տվյալ տարածքում շենք չի լինելու, Նոր Նորքում այգու տարածքը մնա խաղահրապարակ, փոխարենը կառուցապատողին մեկ այլ տարածքում հողակտոր առաջարկվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder