Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես բացարկ չեմ հայտնում, բայց դուք պետք է բացարկ հայտնեք՝ փրկելու համար արդարադատությունը. Կոչուբաև
«18 արդարների գործով» դատական նիստում դատավարության մասնակից պաշտպանները բացարկ հայտնեցին նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին։
«Այս գործն արդեն դուրս է եկել իրավական պետության ընդունված պատշաճ իրավական ընթացակարգերից»,-ասաց պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։
Պաշտպան Ա. Կոչուբաևը նկատեց, արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի։
«Եթե այն տեսանելի չէ, դա հավասար է արդարադատության բացակայության։ Ես պարոն Մելիքյանի հետ համաձայն եմ, անձով պայմանավորված չեմ կարող ասել, որ դատավոր Կարեն Ֆարխոյանը ընդգծված հակակրանք կամ այնպիսի վերաբերմունք ունի դատավարության մասնակիցների նկատմամբ, որը կարող է ստվերել սույն գործընթացը։ Անկեղծ, չեմ կարող նման հղում կատարել։ Բայց կարևոր է ոչ միայն դատավորի օբյեկտիվ լինելը, այլև այդպիսին երևալը։ Դատավորի անկողմնակալ լինելու գլխադասային չափանիշն անաչառ դիտորդն է։ Հիմա ի՞նչ է տեսել անաչառ դիտորդը սույն քրեական վարույթով՝ անպաշտպան մնացած մեղադրյալներ, ժամկետի հրատապ խնդիր չունենալու պարագայում խափանման միջոցի հարցերի քննարկում։ Հարգելի դատարան, դուք զրկված չէիք հնարավորությունից, իհարկե դա էլ կլիներ ապօրինի, բայց գոնե չարյաց փորքագույնը, քննելու այն մեղադրյալների խափանման միջոցի հարցը, ով ուներ ժամկետի խնդիր։ Մինչդեռ դուք առանց ֆիլտելու վեց հոգու մասով կայացրեցիք այդ որոշումը, ինչը ստվերում է Ձեզ՝ որպես նախագահող հանդես գալը, անաչառ դիտորդի աչքերում ստվերում է արդարադատությունը։ Հարգարժան դատարան, եթե Դուք Ձեր ներքին մղումներով ազնիվ էլ եք, դա վերածվում է փակ, անտեսանելի արդարադատության։ Հարգարժան դատարան, լուծումը մեկն է, անձնապես ես չեմ հայտնում բացարկ, բայց գտնում եմ դուք պետք է ինքնաբացարկ հայտնեք՝ փրկելու արդարադատությունը»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց խախտումները, որոնք արձանագրել նախնական դատավարության ընթացքում, օրինակ երկու շաբաթից ավելի իր վստահորդին հնարավարություն չի տվել տեսակցելու նոր ներգրավված պաշտպանի հետ։
Նա հիշեցրեց, որ դատարանը փաստաբանների բացակայությամբ քննել է խափանման միջոցների հարցը, իմ վստահորդի մասով հրապարակել է եզրափակիչ մասը, երբ ստացել եմ որոշումը, պարզվել է, որ այն ունի լրացում սահմանափակումների մասին։
«Այսինքն դատարանը լրացուցիչ որոշում է կայացրել արդեն դատական նիստերի դահլիճից դուրս։ Սրանք հանգամանքներ են, որոնք շտկման ենթակա են։ Բայց քանի որ գործընկերներս բարձրաձայնեցին, ապա ես խնդրում եմ դատարանին ավելի հետևողական լինել դատավարության մասնակիցների ընթացիկ իրավունքների ապահովման առումով»,-ասաց Խուդոյանը։
Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը, ասաց՝ հնչեցրած հայտարարությունները պաշտպանների սուբյեկտիվ կարծիքն են։ Ֆարխոյանն ասաց՝ խափանման միջոցի հարցի քննարկումը հրատապ էր, պետք է բարի լինեին պաշտպանները, ներկա լինեին դատական նիստին։ Հակառակ դեպքում սահմանված ժամկետում կարող են բողոքարկել դատարանի որոշումը։