Կան մարդկային գծեր, որոնք չեն փոխվում ո՛չ 50, ո՛չ էլ հազարամյակների ընթացքում․ Հովհաննիսյան
Հասարակություն
21:48 12/09/2025
Հայաստան

Կան մարդկային գծեր, որոնք չեն փոխվում ո՛չ 50, ո՛չ էլ հազարամյակների ընթացքում․ Հովհաննիսյան

Այսօր տեղի ունեցավ Ն․ Դիքսոնի՝ Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսի ավարտից հետո գրքի լույս տեսնելուն նպաստ ունեցող բանախոսները զրուցեցին լրագրողների հետ։ 

«Գրքի անգլերենով լույս տեսնելուց 50 տարի անց էլ այն կարևորվում է ողջ աշխարհում: Աշխատությունը թարգմանվել է 12 լեզվով։ Այս մեկը վերջինն է՝ ժամանակագրության տեսանկյունից։ Գիրքը պարզապես ապացուցում է, որ կան մարդկային բնորոշ գծեր, որոնք չեն փոխվում ո՛չ տասը, ո՛չ 50, ո՛չ դարերի, ո՛չ էլ 1000-ամյակների ընթացքում։ Ղեկավար կազմի հոգեբանական դաստիարակության և ուղղորդման ամենակարևոր, ինչու ոչ՝ նաև  փայլեցնելու  արվեստը, պետական կառավարման կարևորագույն ուղղությունների մեկն է»,- ասաց գրքի թարգմանիչ, Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար պահեստազորի գնդապետ Տիգրան Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ գրքի թարգմանության ընթացքում  նաև համեմատություններ է արել՝ մեր իրականության հետ։

«Համեմատությունները պարզ են՝ գրքի հերոսները խոսում են անգլերեն, մենք խոսում ենք՝ հայերեն։ Մարդիկ բացարձակապես նույնն են, նույն արյունն ու ոսկորը, պարզապես տնտեսական ու քաղաքական պայմաններն են փոքր-ինչ տարբեր, բայց 99,9 տոկոսով կարելի է վերցնել որպես շաբլոն և դնել մեր իրականության վրա, կտեսնեք, որ ամբողջությամբ համապատասխանում են»,- նշեց  գրքի թարգմանիչը։

«Գրքում նկարագրված թեման հարատև է՝ բանակ և բյուրոկրատիա։ Մի  համակարգի մասին  է, ինչպես ձեր մեքենայի ժանգոտած, կորոզիայի ենթարկված  մարտկոցը , որը իներցիայով շարժվում է մի ուղղությամբ և պետք է սովորել վարել այն։ Գիրքն այն մասին է, թե ինչու են գեներելներն այդպես մտածում, որտեղից են նրանք հայտնվում։ Կարծում եմ՝ գիրքը կմնա արիդական այնքան ժամանակ, քանի դեռ կա բանակ»,-լրագրողների հետ զրույցում ամփոփեց Աբու Դաբու Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը։

Իր հերթին քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանն ընդգծեց, որ կառավարման խնդիրներովհետաքրքրված մարդկանց մոտ գիրքը կարող է հետաքրքրություն առաջացնել։

«Հարցադրումները, որոնք առաջադրում է Դիքսոնը, ունիվերսալ են, արդար են՝ ցանկացած բյուրոկրատական համակարգի կիրառմամբ։ Քանի որ նա զինվորական է, գրքում անդրադարձը վերաբերում  է հիմնականում զինվորականությանը, թեթևակի նաև՝ քաղաքականությանը»,- ասաց Սաղաթելյանն ավելացնելով․ « Հաճախ այս երկու համակարգերի միջև լուրջ բախումներ են տեղի ունենում։ Օրինակ՝ հարևան Թուրքիայում 4 անգամ ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել, որովհետև այդ երկու համակարգերն իրար են բախվել։ Հետևաբար կարող ենք ասել, որ խնդիրն արդիական է և՛ մեր հասարակության, և՛ ցանկացած պետության ու բյուրոկրատական մեծ համակարգերի համար»։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder