Հիմա էլ Ժաննա Անդրեասյանն է փորձում «համոզել», որ Այբբենարանում «Մաշտոցը կա»
Կրթություն, գիտություն
11:32 12/09/2025
Հայաստան

Հիմա էլ Ժաննա Անդրեասյանն է փորձում «համոզել», որ Այբբենարանում «Մաշտոցը կա»

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեսանյութ է հրապարակել նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով. «Այբբենարանում Մաշտոցը չկա պնդումը կեղծ է»։

Նա ասում է. «Ինչ ուսումնական տարին սկսվել է,  ահազանգեր ենք ստանում, որ նոր Այբբերաններում չկա որևէ հիշատակում Մաշտոցի մասին, բացակայում է այբուբենը որպես ամբողջական պատկեր և առաջարկում եմ միասին տեսնել իրականում ինչ է տեղի ունենում և ինչ կա ու ինչ չկա Այբբենարանում»։

Նա միացնում է Այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութ՝ ու նշում. «Ինչպես տեսնում եք՝ Մաշտոցը ոչ միայն Այբբենարանում առկա է, այլ հատուկ հենց իր ներկայացման համար տեսանյութ է մշակված, որը նաև երեխային այն փուլում, երբ բոլոր տառերը չգիտի, չի կարող տեքստեր կարդալ, պարզ ու հասանելի բացատրում է, թե ինչ նշանակություն ունի նա և ընդհանրապես ինչ պետք է սովորի Այբբենարանից»։

Ժ. Անդրեասյանը նաև ասում է, որ իրենց մեղադրում են՝ Այբբենարանում չկա այբուբենի ընդհանուր ներկայացումը բոլոր տառերը սովորելուց հետո։  Այդ դեպքում նա միացնում է գրքի 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգը։

«Ինչպես տեսնում եք՝ Մաշտոցը ոչ միայն առկա է մեր գրքում, այլև ներկայացված է  վառ, գունեղ, հասկանալի առաջին դասարանի երեխաների համար, որոնք դեռևս տեքստեր կարդալու սովոր չեն, պատկերային նյութով պարզ, հստակ կկարողանան ըմբռնել այդ կարևոր ուղերձները, իսկ այբուբենի մասին կարող են սովորել խաղային, երգի ձևով»։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ը հարցեր էր ուղղել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչո՞ւ Մեսրոպ Մաշտոցի նկարը, հայոց գրերի գյուտի մասին հատվածը չկա այբբենարանում, արդյո՞ք հեղինակներն անհրաժեշտ չեն համարվել, որ առաջին դասարանցիները նաև նկարով ճանաչեն հայոց տառերը ստեղծողին ու թե ինչպես են ստեղծվել այդ տառերը, թե՞ հանրակրթական նոր չափորոշչին է համապատասխանեցվել։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանն էր պատասխանել՝ մեջբերելով Այբբենարանում առկա QR կոդերը, ինչպես նաև.  «Գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցին առաջին դասարանում անդրադառնալու վերաբերյալ մեթոդական ցուցումներ տրված են ուսուցիչների համար նախատեսված ուսումնաօժանդակ ձեռնարկում, որն ապահովում է ոչ միայն մեթոդական աջակցություն, այլև ներկայացնում է հիշատակված թեմաների դասավանդման հստակ մոտեցումներ։

Հետևաբար, տարրական դպրոցի ուսումնական գործընթացում անհնար է շրջանցել այս թեմաները, քանի որ դրանք կրում են և՛ մշակութային, և՛ մտավոր կարողունակությունների զարգացման կարևոր դեր։ Սա ընդգծվում է նաև մշակութային կրթության կազմակերպման շրջանակում կիրառվող ձևաչափերով, մասնավորապես, առաջին դասարանցիների համար գրեթե պարտադիր է դարձել այցելությունը Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Տառերի պուրակ, Մատենադարան, ինչը վերածվել է կրթական ավանդույթի։ Բացի դրանից, դպրոցներում ամեն տարի տառուսուցման մեկնարկին կազմակերպվում են տառերի և Մեսրոպ Մաշտոցի մեծարման միջոցառումներ, որոնք ընդգծում են գրերի խորհրդանշական նշանակությունը ազգային ինքնության ձևավորման մեջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder