Ավելի շատ կուզեի բժիշկ Պողոսյանի մայրը լինեի, քան հերոսի մայր. 44-օրյայում անմահացած Ռուբենի և մոր կտավները՝ կողք-կողքի
Մշակույթ
12:56 13/09/2025
Հայաստան

Ավելի շատ կուզեի բժիշկ Պողոսյանի մայրը լինեի, քան հերոսի մայր. 44-օրյայում անմահացած Ռուբենի և մոր կտավները՝ կողք-կողքի

«Անսովոր ցուցահանդես  Նկարիչների միությունում»,- իր խոսքն այսպես սկսեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ ազդարարելով «Խոստացած վերադարձ» ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը նվիրված է Ռուբեն Պողոսյանին, ում կյանքը, ստեղծագործ աշխարհն  ընդհատվեց 20 տարեկանում պատերազմի դաշտում՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։

Ցուցահանդեսի բացման օրը պատահական չէ՝ 2025 թ. սեպտեմբերի 12-ին լրացավ  անմահացած հերոսի 25-ամյակը։

Ցուցահանդեսում բացի Ռուբենի  7 աշխատանքներից, ներկայացված է նրա մայրիկի՝ Անուշ Մելիքյանի կտավները՝ արված մինչ պատերազմը և պատերազմից հետո։

«Ռուբենից  հետո ավելի շատ եմ ստեղծագործել։ Յուրաքանչյուր նկար,  կարծեք, աղոքթ լիներ ինձ համար։ Ապրելու միակ ձևը գտա նկարելու միջոցով։ Միակ սփոփանքս է՝ նկարել, սպասել ու մտածել, որ Ռուբենս ինձ հետ է»,- լրագրողներին ասաց տիկին Անուշը։

«Մայրը վրձնով է խոսում իր ցավի, կարոտի ու սիրո մասին։ Ամեն գիծ, գույն մայրական սրտի արձագանք է  ուղղված  այնտեղ, ուր որդին ապրում է՝ լույսի մեջ»,- այսպես բնութագրվեցին տիկին Անուշի կտավները։

Նկարներից ժպտացող Ռուբենն իրական կյանքում էլ եղել է ուրախ տղա։

«Տարբերվող ժպիտ ուներ։ Ընդհանրապես, տարբերվող տղա էր»,- ասաց տիկին Անուշը՝ հայացքը չկտրելով որդու՝ իրար կողք շարտված ու իր ձեռքով ստեղծած կտավներից։

Ռուբենը ցանկացել է բժիշկ դառնալ, ցավոք... երազանքը մնաց անկատար։ 

«Ավելի շատ կուզեի բժիշկ Պողոսյանի մայրը լինեի, քան հերոսի մայր։ Իմ տղան ինձ համար ողջ է։ Այն օրը, երբ մտածեմ ողջ չէ, գուցե այդ օրը ես դադարեմ լինել »,- արցունքներին աչքերին ասաց տիկին Անուշը։

Panorama.am հետ զրույցում տիկին Անուշը նշեց, որ յուրաքանչյու նկար զրույց է որդու հետ. «Զգում էի որդուս շունչը, տեսնում էի նրան, տառապում էի, պայքարում էի, տանջվում էի, բայց փորձում էի, նկարում էի։ Խոստացել էի իրագործել իր վերադարձը։ Ես հավատում եմ երկնային կյանքի։ Հուսանք՝ Ռուբենս կա, նայում է մեզ»։

Տիկին Անուշն իր կտավները ստորագրում է «Ռուբեն», օգտագործում այն տարբերանշանը, որը ծառայության ընթացքում Ռուբենն է ստեղծել հատուկ մայրիկի կտավների համար։ Ա և Մ տառերի արանքում խաչ է պատկերված։ Խնդրել է մայրիկին մշտապես օգտագործել այդ տարբերանշանը։ 

«Նկարներիս շարքը նվիրում եմ Ռուբենիս, ուզում եմ ապրի Ռուբենս, բոլորը տեսնեն։ Ինքն ապրում է իմ հետ, ուզում եմ՝ բոլորի հետ ապրի»,- ասաց տիկին Անուշը։  

Ռուբեն Պողոսյանը  ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 2017 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան`ստոմատոլոգիական ֆակուլտետ:

2019 թվականին հունվարի 30-ին զորակոչվել է հայոց բանակ: Ծառայել է Ստեփանակերտի  Պաշտպանության բանակի 8-րդ պաշտպանական շրջանի (ՑՈՐ)  զորամասում որպես հրետանու նշանառու:

Սեպտեմբերի 27-ից Ռուբենը մարտեր է մղել Վազգենաշենում,  Հադրութում, Վարանդայում, Ջրականում, Արա լեռան հատվածում։ Նա հմուտ  նշանառման շնորհիվ  կարողացել է իր առջև  դրված մարտական խնդիրը  կատարել՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

Վիրավոր լինելով` 15 օր կռիվ է մղել  ծանր մարտերում՝ մարտական ընկերների կողքին:

ՑՈՐ  հրետանային դիվիզիոնի 21 հերոս  տղաներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը, զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութի շրջանի Վարանդա (Ջուվառլու) կոչվող հատվածում դեպի իրենց կողմ եկող թշնամու մեծաթիվ զորքի կողմից։ 1 տարի 2 ամիս անց՝  2021թ.նոյեմբերի 2-ին, նրա և իր 10 ընկերների աճյուններն  ադրբեջանցիները փոխանցել են հայկական կողմին:       

Ռուբենի  և  իր  ընկերների հոգեհանգիստը  տեղի է ունեցել 2021 թվականի  դեկտեմբերի 2-ին  Երևանի  Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում զինվորական  արարողակարգով:  

Ռուբեն Պողոսյանին հողին հանձնել են դեկտեմբերի 3-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում:   

«Եթե ապրել՝ ապա ապրել միասին, եթե մահ՝ էլի միասին»՝ Ցորի հրետանավորների երդումն է եղել։ Նրանք հավատարիմ մնացին իրենց երդմանը... 

2020 թվականի սեպտեմբերի  27-ին հակառակորդի  սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս,  ցուցաբերած  բացառիկ քաջության   ու  արիության  համար  Հանրապետության պաշտպանության  բանակի  զինծառայող  Ռուբեն  Պողոսյանը  հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:     

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավելի շատ կուզեի բժիշկ Պողոսյանի մայրը լինեի, քան հերոսի մայր. 44-օրյայում անմահացած Ռուբենի և մոր կտավները՝ կողք-կողքի