«Ձեր մահով դուք կյանք տվեցիք, իսկ ձեր մոռացմամբ՝ մեզ մահացնում են»
Քաղաքական
18:16 13/09/2025

«Ձեր մահով դուք կյանք տվեցիք, իսկ ձեր մոռացմամբ՝ մեզ մահացնում են»

Մարդն ու աննասունը իրարից ջոկվում են հիշողությամբ (Հ.Մ)

Հռչակավոր Հրանտ Մաթևոսյանի խոսքերը արդիական են նաև այսօր: Նկարում պատկերված հայուհիները` 200-ից ավել հայորդիների հետ երեք տարի առաջ այս օրը մեկնարկած պատերազմում իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:

Դավաճանական վարչախումբը այդպես էլ տեղի ունեցածը որպես պատերազմ չորակեց, ինչպես Գուրգեն Արսենյանն էր պատերազմի օրերին նշում` դա իրենց համար ընդամենը սահմանային միջադեպ էր:

Ավելին այս տարիների ընթացքում ամեն ինչ արվեց մոռացության տալու երեք տարի առաջ այս օրը տեղի ունեցողը: Պատերազմի տարելիցի օրը պետական բյուջեյով համերգ կազմակերպելը հասարակությանը բարոյական և արժեհամակարգային դեգրադացիայի հերթական չափաքանակը ներարկելուց զատ, լուծում է կոնկրետ քաղաքական խնդիր` այն է, մոռացության մատնելով երեք տարի առաջ տեղի ունեցածը` մարդկանց դարձնել քայլող բույս, դասական կենսաբանական զանգված, որպեսզի մարդիկ չհարցնեն, թե ինչպես եղավ, որ երկու օրում երկու հարյուրից ավել զոհ տվեցին, որպեսզի մարդիկ չհարցնեն, թե ինչպես եղավ որ ադրբեջանական զինուժը հայտնվեց Ջերմուկի մատույցներում: Թե ինչ եղավ ադրբեջանական այն խմբավորման հետ, որը ոչ բարով ԳՇ պետի խոսքով պարենի խնդիր ուներ և ստիպված էր լինելու հեռանալ մեր տարածքից վերադառնալ ելման դիրքեր:

Եվ այսպիսի բազմաթիվ հարցեր, որոնք գործող վարչախումբը փորձելու է մոռացության տալ: Սակայն, վստահաբար, դա չի ստացվելու, որովհետև ի հեճուկս հանրության թվացյալ իներտության, մարդիկ չեն մոռացել: Մարդիկ հիշում են, և սա է որ հանգիստ չի տալիս և հանգիստ չի տալու մեր դեմ քարոզչական և հոգեբանական պատերազմ մղող վարչախմբին:

Սա գրել է քաղաքագետ Դավիդ Ֆիդանյանը։

Շատերն են այս մասին երկրորդել, երրորդել...։

Հերոսամայր Նաիրա Մարգարյան. «Սեպտեմբերի 12․ օրը, որ մեր սիրտը պիտի մխրճվեր, բայց ոչ կառավարության օրացույցը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, 2022թ․, Ջերմուկում թշնամու կողմից հարձակում տեղի ունեցավ՝ խլելով մեր շատ քաջորդիների կյանքերը։ Տղաներ, ովքեր կանգնել էին հողի, սահմանի, հայրենիքի, մեր քնի ու խաղաղության պաշտպանության առաջնագծում։

Երկու տարի անց՝ ոչ մի պաշտոնական հիշատակում, ոչ մի լռության րոպե, ոչ մի խոնարհում նրանց հիշատակի առաջ։ Կառավարությունը խստագույնս զբաղված է… սեպտեմբերյան «փառատոնային» շքերթով, գունագեղ «ֆեստիվալներով»՝ մի իրականության մեջ, որտեղ հերոսները հողին են հանձնվել, իսկ հողը՝ մոռացության։

Ջերմուկը հիշում է։ Արցախը հիշում է։ Մենք հիշում ենք։ Բայց նրանք՝ ովքեր պարտավոր են հիշել, լուռ են։ Այս լռությունը արհամարհանք է։ Այս մոռացությունն՝ անմարդկային։

Չէ՛, մենք չենք ընդունում, որ մեր հերոսների արյունը մոռացվի՝ թամաշայի տակ։ Մենք չենք լռի, երբ մեր տղաների անունները մրրվում են պետական անտարբերության մեջ։

Թող փառատոնները թնդան, բայց մենք մի բան գիտենք՝ մեր հերոսները չէին մոռացվելու, եթե իրապես արժևորեիք իրենց արյամբ պահած խաղաղությունը։

Խոնարհվում ենք ձեր հիշատակի առաջ։

Ձեր մահով դուք կյանք տվեցիք, իսկ ձեր մոռացմամբ՝ մեզ մահացնում են»։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյան. 

«3 տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց մեր հրաշալի Ջերմուկի վրա, գրեթե 2 օր կռվեցին մեր տղաները, ունեցանք 200-ից ավել զոհեր, անգամ զարհուրելի խոշտանգված կռվող կանանց մարմիններ...

Եղան Ջերմուկի մարտերը, թշնամին առաջ եկավ, զբաղեցրեց մեր պետության տարածքը, ամրացրեց դիրքերը, իսկ մենք… Մենք մոռացանք այդ մասին:

Նիկոլի խոսացած, Նիկոլի բանակցած,Նիկոլի ստորագրած որևէ մի թղթում չկա այս մասին ոչինչ:
Նկարում Ջերմուկն է՝ 2022-ին թշնամու դիրքից նկարած և տարածած: Ասում են, իբր հետ են քաշվել:

Բայց չեն ասում, թե ով…»։
 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ձեր մահով դուք կյանք տվեցիք, իսկ ձեր մոռացմամբ՝ մեզ մահացնում են»