Համաշխարհային արվեստային «Պոմպիդու կենտրոնում» շուրջ երկու ամիս կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը
Մշակույթ
15:33 15/09/2025
Հայաստան

Համաշխարհային արվեստային «Պոմպիդու կենտրոնում» շուրջ երկու ամիս կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը

Համաշխարհային արվեստային կենտրոններից մեկը՝ «Պոմպիդու կենտրոնն», արդեն պաշտոնապես հայտարարել է 2025թ․ հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ շուրջ երկու ամիս, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախագծի մասին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։ 

«Սա, իրոք, նախադեպը չունեցող իրադարձություն է հայկական կինոյի ողջ պատմության ընթացքում։ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայկական կինոյի առայժմ միակ ռեժիսորն է, որի 10 ֆիլմերի հետահայաց ցուցադրության նախընտրություն է արել «Պոմպիդու կենտրոնը»։

Համաշխարհային կինոհանդիսատեսը դիտելու է կինոռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են «Պոմպիդու կենտրոն»-ի La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակներում։

Յուրաքանչյուր ֆիլմի համար նախատեսված է 3 ցուցադրություն։ Սա նշանակում է, որ հայկական կինոյի 30 ցուցադրություն է կայանալու ֆրանսիացի և համաշխարհային կինոհանդիսատեսի համար և 3 օր շարունակ այդ հարթակում խոսվելու է հայկական կինոյի, Հայաստանի, հայ կինոռեժիսորի, հայկական կինոմշակույթի մասին։

Հետահայացի բացման երեկոյին հրավիրված է նաև Հարություն Խաչատրյանը։ 

Ֆրանսիայում նախատեսվում է Հարություն Խաչատրյանի ելույթը, ֆիլմերի 3 քննարկում կինոռեժիսորի մասնակցությամբ և Հարություն Խաչատրյանի Վարպետաց դասը։

Այսպիսով «Պոմպիդու կենտրոնն» իր հարգանքի յուրահատուկ տուրքն է մատուցում յոթանասունամյա հոբելյանի շեմն անցած ռեժիսորին և հայկական կինոյին»,- նշում են միությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Համաշխարհային արվեստային «Պոմպիդու կենտրոնում» շուրջ երկու ամիս կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի ֆիլմերը