Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դուք էլ լավ գիտեք, որ Միքայել Սրբազանի գործով որոշումը դատարանում չի կայացվում. Արա Զոհրաբյան
«Միքայել Սրբազանի գործը քննող դատավորի հետագիծը չի թողնում, որ լավ հույսեր փայփայենք»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Այսօրվա նիստում դատավարության մասնակիցները հանդես կգան ճառերով, կլսեն ռեպլիկներ, որից հետո դատարանը կգնա խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու։
«Տեսեք, եթե մարդը գործերն արագ քննելու ձեռագիր ունի, կասեն, մարդն այդպիսին է։ Բայց ինչպես նախորդ նիստում իմ գործընկերը հայտնեց, ինքը գործեր ձգձգող դատավոր է։ Այսինքն այս արագությունը նույնպես խոսում է ոչ լավ նպատակի մասին։ Ինձ թվում է, դուք էլ լավ գիտեք, որ գործով որոշումն այստեղ չի կայացվում»,-ասաց Զոհրաբյանը։
Նշենք, որ Միքայել Սրբազանի դեմ հարուցվածք քրեական գործը քննում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։
Միքայել Սրբազանը չի ընդունում մեղադրանքը։