«Ժողովուրդ». Ինչու է Անդրանիկ Քոչարյանը ընդհարվել Ալեն Սիմոնյանի հետ
Օրվա մամուլ
08:45 16/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու է Անդրանիկ Քոչարյանը ընդհարվել Ալեն Սիմոնյանի հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում արդեն երեքուկես տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, հստակ ժամկետով՝ սկզբում 6 ամիս, այնուհետև ևս 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները և ներկայացնել եզրափակիչ զեկույցը։ Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլևս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար և անգամ ճնշումներ գործադրել Ազգային ժողովի աշխատակազմի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընդհարվել՝ պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել Կանոնակարգ օրենքը և շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։ Չնայած դրան՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ զեկույցում առկա են նաև «գաղտնի» հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք։ Նա նույնիսկ վստահեցնում է, թե հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։

Այս ամենը, սակայն, առավելապես հիշեցնում է քաղաքական շահարկում, քան իրավաչափ գործընթաց»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder