Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում․ Աբազյանը ծածկադմփոց է արել․ Բորիս Ավագյան
Քաղաքական
20:14 16/09/2025
Հայաստան

Մոսկվայում ձերբակալված Արայիկ Ամիրխանյանը գործակալական ցանց ուներ Հայաստանում․ Աբազյանը ծածկադմփոց է արել․ Բորիս Ավագյան

Ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնեցին, որ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով կալանավորվել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը։

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ դեռևս 2021 թվականի աշնանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում ՀՀ մի խումբ քաղաքացիներ զբաղվում են լրտեսությամբ, իսկ օտարերկրյա քաղաքացիներ՝ հետախուզական աշխատանքով։ Նրանց թվում էր նաև Արայիկ Ամիրխանյանը։

«Ես անգամ հաղորդում ներկայացրի ԱԱԾ-ին, բայց պարզվեց՝ նրանք հետաքրքրված չէին գործ հարուցելու հարցում։ Նրանք անցկացրին ստուգում և ասացին, որ չի հաստատվում։ Ամիրխանյան Արայիկը, հիշեցնեմ, մտերիմ հարաբերություններ ուներ երգիչ Հայկոյի կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի, ինչպես նաև մի շարք քրեական հեղինակությունների, օրինակ՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Նա խումբ էր հավաքել, որոնց մեջ նաև Մոլդովայի քաղաքացի կար։ Նրանք զբաղվում էին տեղեկատվություն հավաքելով Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ ինչպես Հայաստանի Զինված ուժերի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության, 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահ զորքերի վերաբերյալ։ Իմ ունեցած տվյալներն ու նյութերը ես այն ժամանակ ներկայացրել եմ ԱԱԾ-ին»,– պատմել է Ավագյանը։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ի ստուգումն իրականացվել է հետևյալ կերպ․ զանգել և հեռախոսով հարցրել են, արդյոք նա օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցո՞ւմ է, թե ոչ։

«Այդպես էին ստուգումն անցկացրել։ Հետո, երբ այցելեցի Աբազյան Արմենին, ով այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էր, նա լուրջ դեմքով ասաց․ «Նյութերը բավարար չեն, որ գործ հարուցեն»»,– նշել է նա։

Ավագյանն ընդգծել է, որ դեռ այն ժամանակ հայտնել է, թե Ամիրխանյանը աշխատում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների համար և ռազմական հետախուզությանը տեղեկություններ էր փոխանցում, որոնք Ուկրաինան տրամադրում էր Ադրբեջանին՝ այդ երկրի հետ համագործակցության շրջանակում։

«Հիմա Ամիրխանյան Արայիկը, լինելով ուկրաինական գործակալ, տվել է տեղեկություններ Ուկրաինայի նախկին պատգամավորի մասին, որը ապաստան էր գտել Ռուսաստանում, և արդյունքում ուկրաինական հետախուզությունը վերացրել է նրան։ Իսկ այն լրտեսները, որոնք նրա խմբում աշխատում էին Հայաստանում և որոնց մասին ես տեղեկություններ էի հայտնել, անպատիժ մնացին։ Նրանց նկատմամբ հայրենիքի դավաճանության և լրտեսության հոդվածներով պետք էր քրեական գործեր հարուցել։ Նրանք շարունակում են քնած լրտեսներ մնալ և կօգտագործվեն այն ժամանակ, երբ հարմար լինի»,– արձանագրել է Բորիս Ավագյանը։

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder