«Փաստ». Դա կոնկրետ հանցագործություն է և՛ ժողովրդի, և՛ պետության հանդեպ
Օրվա մամուլ
08:48 16/09/2025
Հայաստան

«Փաստ». Դա կոնկրետ հանցագործություն է և՛ ժողովրդի, և՛ պետության հանդեպ

«Փաստ» թերթը գրում է.

«Աշխարհը կարծես պատերազմական մեծ թատերաբեմ լինի։ Այսօր մեծ դժվարությամբ կգտնվեն երկրներ, որտեղ չկան ռազմական գործողություններ, սահմանային միջադեպեր կամ դրանց հավանականությունը։ Եվ այս մեծ թատերաբեմում Հայաստանի իշխանությունը կա՛մ ինքն իրեն, կա՛մ էլ հանրությանը փորձում է համոզել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով խաղաղություն է բերել մեր տարածաշրջան։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այլ բանի մասին են վկայում։ Արդյո՞ք սա հերթական արկածախնդրությունը չէ Հայաստանի իշխանությունների կողմից։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ ՄելիքՇահնազարյանն ասում է՝ դա ոչ թե արկածախնդրություն է, այլ քաղաքական շահարկում։ «Այսինքն, հանրությանը մոլորեցնելու, խաբելու ևս մեկ փորձ՝ իբրև թե իրենք կարողացել են լուծել երկրի համար ամենագլխավոր խնդիրը և, հետևաբար, այդ հիմքով կարող են հավակնել նորից իշխանություն ձևավորելու արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով։ Ըստ էության, ոչ թե հարցը դրված է ինչ-որ փորձարկումներ անել, տեսնել, թե ինչ լավ բան կստացվի և այլն, այլ հստակ նպատակ հետապնդող սուտ է: Դա արդեն ավելին է, քան զուտ արկածախնդրությունը, դա կոնկրետ հանցագործություն է և՛ ժողովրդի, և՛ պետության հանդեպ, որովհետև, ըստ էության, իշխանությունները փորձում են ժողովրդին խաղաղություն ցույց տալ՝ այն պարագայում, երբ այդ խաղաղությունը չկա։

Փոխանակ ժողովրդական, պետական ռեսուրսները կենտրոնացնեն իսկապես այդ խաղաղությունը ձևավորելու համար, մարդկանց խաբում են, ասում են՝ կա խաղաղություն, որի առկայությունը որևէ կերպ հաստատված չէ, փաստված չէ նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերով։ Այնտեղ ոչ մի բան չի ստորագրվել խաղաղության հետ կապված, նախաստորագրվել է պայմանագիր, որի ստորագրման համար Ադրբեջանը դեռ պայմաններ է առաջ քաշում։ Եվ չգիտենք՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը վերջին պայմանն է, թե՞ դրանից հետո ասելու է՝ հիմա էլ այս պայմանը պետք է իրականացնեք, իրենց նախորդ փորձառությանը համապատասխան։ Դրա համար Փաշինյանն ընդամենը խաբում է հանրությանը, որպեսզի կարողանա նորից իշխանություն ձևավորել ընտրությունների արդյունքում, այսինքն՝ դա իր համար հաղթաթուղթ դարձնել՝ առանց մտածելու այն մասին, որ այդ խաբելու արդյունքում երկիրը կարող է կանգնել իսկապես ճակատագրական վտանգների և սպառնալիքների առջև, և հանրությունը պատրաստ չի լինելու այն մարտահրավերներին, որոնք իրականում գոյություն ունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder