Լրագրող Հակոբ Կարապետյանին բռնnւթյան ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է
Իրավունք
14:57 16/09/2025
Հայաստան

Լրագրող Հակոբ Կարապետյանին բռնnւթյան ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է

Լրագրող, Երևանի քաղաքապետարանի նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին Panorama.am-ը  տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Հակոբ Կարապետյանն ահազանգել էր, որ դիմակավորված մեկը հարձակվել է իր վրա ու սկսել հարվածներ հասցնել, իսկ նախքան ծեծը սպառնալիքներ է հնչեցրել։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը): Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին քննչական կոմիտեից։ 

Հակոբ Կարապետյանն իր նկատմամբ բռնություն գործադրելու գործով ճանաչվել է տուժող։ 

Սպառնալիքների վերաբերյալ ՔԿ-ն այս պահի դրությամբ հաղորդում չի ստացվել։

Հակոբ Կրապետյանը նախօրեին մանրամասներ էր  հաղորդել իր դեմ հնչած սպառալիքների ու բռնության դեպքի մասին. «Վերջերս Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»։

Նույն օրը երեկոյան ուշ ժամի ինձ գրում է ոմն Ավետիք Բաբայան և կեղտոտ ու անհարգալից բառապաշարով սկսում է «հաշիվ պահանջել» գրածիս համար, ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով սկսում է սպառնալ ինձ ու էլ ավելի կեղտոտ հայհոյանքներ տեղալ՝ հիշատակելով ընտանիքիս անդամներին, ընկերներիս, մասնագիտությունս, ներկա ու նախկին գործընկերներիս, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Չեմ հասցնում պատասխանել, տեսնում եմ՝ անմիջապես բլոկել է ինձ։

Փորձում եմ էս քաջի մասին համացանցում տեղեկություն գտնեմ, ու պարզվում է, որ սա ոչ ավել, ոչ պակաս, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է (!!!)։ 

Բաց աղբյուրներից գտնում եմ Բաբայանի աշխատանքային կոնտակտները, գործավարին փոխանցում եմ հեռախոսս ու խնդրում եմ հետ զանգել։ Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ («տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» և այլն)։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձևերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված։

Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Փորձում եմ պաշտպանվել, բայց անսպասելիության էֆեկտի պատճառով չեմ կարողանում ոնց որ պետքն է պաշտպանվել ու որոշ վնասվածքներ եմ ստանում։

Առանց հետագա մանրամասներով ծանրաբեռնելու, տեղեկացնեմ, որ համոզված եմ, որ իմ դեմ հարձակումը և վերևում նկարագրած դեպքերը ուղիղ կապ ունեն։ Բնականաբար, նույն երեկոյան դիմել եմ իրավապահներին ու հուսով եմ՝ կուսումնասիրեն եղած ապացույցները, ինձ հասցեագրված սպառնալիքները, (որոնք փաստագրված են), հարձակման օրը տարածքում եղած տեսախցիկների ձայնագրությունները»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder