Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի թանգարանը
Օրվա թեմա
16:42 16/09/2025
Հայաստան

Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի թանգարանը

Երևանում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի թանգարանը։ 

«Վերջապես մեր ընտանիքի կողմից ստեղծված այս սուրբ անկյունը կյանքի կոչվեց։

Հ.Գ. Չնայած բազում խոչընդոտներին ու չարակամ մարդկանց՝ մենք հաղթահարեցինք ամենը։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրով, համառությամբ և մեր միասնական ուժով»,- գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։ 

Թանգարանը բացվել է Ալբերտի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 15-ին. «Արցախի հերոս»-ը երեկ կդառնար 24  տարեկան։ 

«Ուզում եմ այս տունը լինի ոչ միայն Ալբերտի տուն-թանգարանը, այլ մարդիկ մշտապես այցելելով այստեղ՝ իրենց զավակներին, թոռներին կարողանան բացատրել, թե այս կյանքում ինչպես պետք է ապրել։ Փոքրիկ դպրոց է, որտեղ կարելի է հերոսից սովորել»,- տուն-թանգարանի բացման արարողությանն ասել է Արտակ Հովհաննիսյան։ 

Ալբերտի հրամանատար կապիտան Մնացական Ավետիսյանը ներկայացրեց Ալբերտի մարտական ուղին. «Պայթյուններից անմիջապես հետո Ալբերտ Հովհաննիսյանը գիտակցելով իր արձակած արկի կարևորությունը, հերոսաբար նետվում է  կիրակոց կատարելու, սակայն ստանում է  մահացու վիրավորում թշնամու կողմից արձակված «Սմերչ» զինանատեսակի կասետայի ռումբից։ 

Ալբերտ Հովհաննիսյանը պատերազմական գործողությունների ժամանակ իրեն դրսևորել է իսկական մարտիկ,  հանուն հայրենիք չի խնայել կյանքը, ստացած հրամանները կատարել է անձնուրաց,  օրինակ ծառայել մարտկոցի ու ողջ դիվիզիոնի անձնակազմին։ 

Ինչ է արել Ալբերտը սեպտեմբերի 29-ին ու արժանացել հերոսի կոչման։ Ալբերտը կատարեց սխրանք, որովհետև այդ պահին, երբ «թաքստոց» հրամանը լսել է, բայց որոշում է  կայացրել կրակ կատարել, գիտեր, թե նշանակետը որտեղ է, գիտեր՝ թշնամին պիկապներով հարձակում է  գործելու և ճեղքելու է  առաջնագիծը։ Վստահ կարող եմ ասել՝ Ալբերտի կատարած այդ գործողությունը չի թողել, որ գոնե այդ օրն այդ ճեղքումն իրականացվի»։ 

Տուն-թանգարանի հասցեն և այցելության օրերը :

Վարշավյան փողոց, տուն 15

Երկուշաբթի- փակ է

Երեքշաբթի- 11:00-18:00

Չորեքշաբթի- 11:00-18:00

Հինգշաբթի- 11:00-18:00

Ուրբաթ- 11:00-18:00

Շաբաթ- 11:00-18:00

Կիրակի- փակ է

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։ Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրերին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի թանգարանը