Երիտասարդներին հատկապես անհրաժեշտ է հոգևոր երգը՝ որպես հոգու բալասան կյանքի վայրիվերումների մեջ. Գրիգոր Հարությունյան
Մշակույթ
09:19 17/09/2025
Հայաստան

Երիտասարդներին հատկապես անհրաժեշտ է հոգևոր երգը՝ որպես հոգու բալասան կյանքի վայրիվերումների մեջ. Գրիգոր Հարությունյան

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի կունենա «Հայ հոգևոր երաժշտության համերգ»` մասնակցությամբ Հեղինե Օհանյանի (սոպրանո) և Գրիգոր Հարությունյանի (երգեհոն): Համերգը նվիրվում է վասն Հայրենյաց ընկած նահատակների հիշատակին։ Համերգի սկիզբը 19։00-ին է։ Մուտքն ազատ է:

Panorama.am-ը զրուցել է Գրիգոր Հարությունյանի հետ՝ համերգային ծրագրի, ընդհանրապես հոգևոր երաժշտության ու մեր կյանքում դրա անհրաժեշտության մասին։ 

Panorama.am-Առաջիկա համերգում հնչելու է հայ հոգևոր երաժշտության։ Ինչո՞ւ է այսօր կարևոր հայ հոգևոր երաժշտությունը։

Գրիգոր Հարությունյան- Հայ հոգևոր երաժշտությունը կարևոր էր երեկ, կարևոր է այսօր, կարևոր է լինելու վաղը։ Այն ժամանակային սահմաններ չի ճանաչում, քանի որ բոլոր ժամանակներում էլ մարդը կազմված է մարմնից ու հոգուց. իսկ սնուցող ու ազնվացնող լավագույն աղբյուրը երաժշտությունն է, մասնավորաբար՝ հոգևոր երաժշտությունը։

Panorama.am-Ըստ Ձեզ, պե՞տք է ավելի հաճախ հնչի հոգևոր երաժշտություն։

Գրիգոր Հարությունյան-Հոգևոր երաժշտությունը բարձրագույն արժեք է, և ինչպես ամեն թանկ և բարձրարժեք բան ամեն տեղ թափված չէ և հասու չէ բոլորին։ Հոգևոր երաժշտությունը չի կարող ամենուր հնչել, բայց կուզենայինք, որ հանրային ռադիոյով, հեռուստատեսությամբ որոշակի օրերի ու ժամերի, երաժշտական դպրոցների ծրագրերում, հանրակրթական դպրոցի երաժշտության դասընթացներում տեղ ունենար հայ հոգևոր երաժշտությունը. դրանից միայն օգուտ կլիներ։ 

Panorama.am- Երիտասարդ սերունդն ավելի քիչ է լսում հոգևոր երաժշտություն։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի նրանք «կապվեն» հոգևոր երաժշտության հետ։

Գրիգոր Հարությունյան-Երիտասարդությունը գալիս է մանկությունից. նախ երեխայի ականջին պետք է հասու լինի այն դեռևս դպրոցում։ Երբ մենք անգիտակցաբար լսում ենք լավ երաժշտություն, մեր ականջները, անկախ մեզանից, սովորում են դրան, իսկ հասուն տարիքում էլ արդեն գիտակցաբար մենք դա ենք փնտրում։ Այսինքն՝ եթե մեզ չեն ընտելացրել կամ «կապել» բարձր արվեստի հետ, մենք հետո ինչպե՞ս «կապվենք»։ Իհարկե, միշտ էլ կլինեն հոգով հղկված երիտասարդներ և կլսեն հայ հոգևոր երգեր։

Panorama.am- Ի՞նչ կտա հոգևոր երաժշտությունը հանդիսատեսին, հատկապես երիտասարդ։

Գրիգոր Հարությունյան-Հոգևոր երաժշտությունը հոգու մաքրագործման ծածկագիր ունի։ Այն առողջացնում է մեր միտքը, հավասարակշռում է մեր բանականությունը, ազնվացնում է մեր զգացմուքները։ Երիտասարդներին հատկապես անհրաժեշտ է հոգևոր երգը՝ որպես հոգու բալասան՝ կյանքի վայրիվերումների մեջ։

Panorama.am-Առաջիկա համերգի համար ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ծրագիրը։ Ո՞րն է այդ համերգի ու հենց այդ ծրագրի ընտրության նպատակը։ 

Գրիգոր Հարությունյան-Ծրագիրը ներառում է հոգևոր երգասացություններ՝ Կոմիտաս վարդապետի, Մակար Եկմալյանի և այլոց, ինչպես նաև ձեր խոնարհ ծառայի մշակումներով։ Համերգի ծրագիրը ուղերձ է հանդիսատեսին՝ ականջալուր լինելու մեր հոգևոր արժեքներին ու ազգային մշակույթին։ Մեծ պատասխանատվությամբ ենք կազմել ծրագիրը. հնչեցվող երգասացությունները միայն մեղեդիներ չեն, որ պիտի հնչեն ու անցնեն, այլ տիեզերական էներգիա ունեցող ստեղծագործություններ, որոնք հնչելու են ու իրենց արձագանքը գտնեն ունկնդրի սրտում։ Բացի դրանից, կատարողները՝ ես ու Հեղինե Օհանյանը, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ ենք. հենց դա ապացուցում է, որ հոգևոր երաժշտությունը նաև երիտասարդ սերնդին է գերել։ Մեր օրինակը ուղենիշ կլինի նաև մյուս երիտասարդների համար։

Մեր համերգները ընդհանրապես ազգային արժեքները պահպանելու նպատակը ունեն. հայրենիքը՝ որպես բարձրագույն արժեք, միշտ էլ պաշտպանության կարիք ունի՝ մի դեպքում այն պաշտպանում ենք գրչով, մշակույթով, արվեստով, գիտությամբ, մեկ այլ դեպքում՝ զենքով։ Ի սեր հայրենյայց նահատակները միշտ էլ հիշատակի կարիք ունեն։ Հայ հոգևոր երաժշտության համերգը վերծնունդի և վերապրումի խորհուրդ ունի։

Համերգի ընացքում հնչելու է՝

Ծրագրում`
▪️«Բաց մեզ, Տէր» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Պետրոս Ա Գետադարձ - «Նայեա ի մեզ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️«Սուրբ-սուրբ» - հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
▪️ Սուրբ Ներսես Շնորհալի - «Ամէն. Հայր սուրբ», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Մակար Եկմալյանի)
▪️«Գոհանամք», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
▪️ Սուրբ Ներսես Շնորհալի - «Առաւօտ լուսոյ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Անեցի Անանուն հեղինակ - «Տիրամայրն» (մշակումը` Ռոբերտ Աթայանի)
▪️ Սուրբ Գրիգոր Նարեկացի - «Հաւիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)
▪️Խաչատուր Տարոնեցի - «Խորհուրդ խորին», հատված Սուրբ Պատարագից (մշակումը` Կոմիտաս Վարդապետի)
▪️Սուրբ Ներսես Շնորհալի - «Նոր ծաղիկ» (մշակումը` Գրիգոր Հարությունյանի)

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երիտասարդներին հատկապես անհրաժեշտ է հոգևոր երգը՝ որպես հոգու բալասան կյանքի վայրիվերումների մեջ. Գրիգոր Հարությունյան