Երևանյան 17-րդ երաժշտական փառատոնի բացումը կազդարարեն ականավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և հռչակավոր դիրիժոր Պիետարի Ինկինենը
Մշակույթ
15:09 18/09/2025
Հայաստան

Երևանյան 17-րդ երաժշտական փառատոնի բացումը կազդարարեն ականավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և հռչակավոր դիրիժոր Պիետարի Ինկինենը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը:

Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունը:

Սեպտեմբերի 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում փառատոնի և հոբելյանական 100-րդ համերգաշրջանի հանդիսավոր բացմանը ելույթ կունենա համաշխարհային հեղինակավոր բեմերը նվաճած, ականավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ հռչակավոր ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն հանճարեղ գլուխգործոցներ՝ Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:

Առաջին անգամ Հայաստան ժամանակ դիրիժոր Պիետարի Ինկինենն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Հայաստանում գտնվելու գլխավոր պատճառը Սերգեյ Խաչատրյանն է, ում հետ տարիներ առաջ Սիբելիուսի մրցույթին է մասնակցել որպես ջութակահար։

«Հետագայում հաճախ էինք զրուցում Սերգեյի հետ, թե երբ  առիթ կլինի այցելելու իր գեղեցիկ հայրենիքը։ Դա իրականություն դարձավ այսօր»,- ասաց դիրիժորը։ 

Նա նշեց, որ նվագախմբի հետ փորձերը հրաշալի են անցնում։

Իսկ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մշակութային առումով իր տունն է համարում։

«Աշխատել ֆիլհարմոնիկ նվագախմբի, Էդուրադ Թոփչյանի հետ, ինձ համար մեծ հաճույք է»,-ասուլիսում ասաց Խաչատրյանը։

Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևոր համերգներից են սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգը, որտեղ որպես մենակատարներ հանդես կգան միջազգային նշանակալի կարիերա կերտող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը և սիրված դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Մեր ժամանակների լավագույն, աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ շքեղ գալա-համերգը՝ ‹‹Կարեն Դեմիրճյան›› մարզահամերգային համալիրում նույնպես փառատոնի կուլմինացիոն կետերից է: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, ‹‹Բորոդին›› քառյակի ելույթով կնշվի քառյակի 80-ամյակը, կկայան մեր ժամանակների ամենախորը մտածող ու հոգևոր հարուստ ներաշխարհով կոմպոզիտորներից մեկի` Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված հեղինակային համերգ` անվանի երաժիշտներ ջութակահար Անուշ Նիկողոսյանի և Հայկ Մելիքյանի մասնակցությամբ և հռչակավոր դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ: Փառատոնի փակման համերգը կնշանավորվի մեկ այլ հայազգի վիրտուզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Կարևոր իրադարձություն է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան, որը կոմպոզիտորը գրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ: Երկանյանի փոխանցմամբ՝ Ազգային ֆիլհարմոնիկը կարևորագույն մշակութային ու քաղաքակրթական ձեռքբերում է մեր ազգի համար, ամեն երկիր չէ, որ 100-այմա նվագախումբ ունի, այն էլ այսպիսի բարձր մակարդակի: Նա նպատակ է ունեցել այս սիմֆոնիկ ‹‹Ձոն››-ի միջոցով փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որն ապրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ:

Բազմազան է նաև փառատոնի ծրագիրը. կհնչեն Մալերի, Ռիմսկի-Կարսալովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բարտոկի, Բրիտենի,  Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder