Փաշինյանին դուր չի գալիս, որ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից մի քանիսը կարողացել են ողջ-առողջ գալ Հայաստան. Մամիջանյան
Քաղաքական
17:28 19/09/2025
Հայաստան

Փաշինյանին դուր չի գալիս, որ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից մի քանիսը կարողացել են ողջ-առողջ գալ Հայաստան. Մամիջանյան

«Այս իշխանությունները շատ փոքր դերակատարում ունեն համաշխարհային և մասնավորապես հայ ժողովրդի ու Հայաստանի պետության մեջ, որ կարողանան փակել Արցախի հարցը»,-  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Միաժամանակ նշեց, որ ստեղծված պայմաններում Արցախի հարցի վերաբացման հնարավորությունները չկան, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չպիտի լինի օրակարգային:

«Ամենաամոթալին երևի այն է, որ այլ երկրները՝ Շվեյցարիայի խորհրդարանը, Կանադայի պաշտոնական արձագանքը Վաշինգտոնյան արձանագրություններին, արձանագրում է, որ Արցախյան հարցը փակված չէ և չի կարող լինել, իսկ այս իշխանությունները դրանից վախենում են»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ «Փաշինյանը դեռևս ծախու լրագրող, խմբագիր եղած ժամանակներից ատում է Արցախը, ցանկացած հայկականը»։

«Արցախի հիմնախնդրի կարգավորման, արցախահայերի իրավունքների վերականգնման հարցը կարևորագույնն է Հայաստանի, հայոց պետականության համար, որովհետև այդ խնդրի լուծումը մեր պարտքն է, մենք պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ տեր ենք մեր հայտարարություններին և մեր հայրենակիցներին»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Մամիջանյանը հիշեցրեց՝ մեր հայրենակիցները հիմա Բաքվում են, ապա ընդգծեց, որ Փաշինյանը բացարձակ զրո տեր է կանգնում մեր և ձեր եղբայրներին։

«Նմանօրինակ դրսևորումներն են իրականում ցույց տալիս, թե որքան է անկախ երկիրը, որքան է ինքնիշխան, և այն դրսևորումը, որ մեր տարածքից 200 քկմ օկուպացված է: Դա նույնպես Փաշինյանին չի հետաքրքրում։

Դե հիմա ինչքան ուզում է, թող ամսի 21-ին ուղերձներ հղի, բայց փաստացի պաշտոնական Երևանը բացարձակ ոչինչ չի անում մեր եղբայրներին վերադարձնելու համար և բացարձակ ոչինչ չի անում օկուպացված տարածքները ազատագրելու համար»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

Դիտարկմանը՝ ասում են, թե ինչպե՞ս Արցախի նախագահ Սամվել  Շահրամանյանը ողջ-առողջ եկավ, թող իր մնացածներին էլ ասեր այդ նույն ճանապարհը, բերեր, Մամիջանյանը պատասխանեց. «Շատ տրամաբանական է՝ իրենք առհասարակ վերջերս սկսել են բավական բաց տեքստով խոսել, զարմանալի չէ, որ Փաշինյանին դուր չի գալիս, որ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներից մի քանիսը կարողացել են ողջ-առողջ գալ մայր Հայաստան։ Երևի ինքը կուզեր, որ բոլորը Բաքվի բերդերում տանջվեին։ Իր խոսույթից դա է երևում»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder