Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում:
Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում, իսկ ապակենտրոնացված միջոցառումները՝ դպրոցներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը։
Ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանը: Ներկայացվել են «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագրի հայեցակարգը, սպասվող միջոցառումները, գաղափարն ու ձևաչափը:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի նշմամբ՝ արդեն երկրորդ տարին կազմակերպվում է «Գիտության շաբաթ» համապետական միջոցառումը: Նախագծի հայեցակարգը և նպատակը հասարակության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության մեծացումն է. «Այդ նպատակով անհրաժեշտություն կա աշխատանք տանել տաբեր ուղղություններով՝ շեշտը դնելով նաև գիտության հանրահռչակման վրա: Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ բացի կենտրոնացված միջոցառումներից, որոնք տեղի են ունենալու Ազատության հրապարակում, կան նաև ապակենտրոնացված միջոցառումներ, որոնցում ընդգրկված են տարբեր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մանկապարտեզներ: Ուսումնական հաստատությունների համար մշակված են միջոցառումների տարբեր փաթեթներ՝ նախագծեր և հետազոտություններ անելու նպատակով: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար այդ փաթեթները տարբերակված են՝ մանկապարտեզի, տարրական դպրոցի, միջին և ավագ դպրոցների սովորողների համար»,- նշել է Թամարա Սարգսյանը: