«Ժողովուրդ». ՔՊ-ում պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ
Օրվա մամուլ
08:18 19/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ում պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ընդհարումից հետո անցնելու է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները բավականին լարված են արդեն երկար ժամանակ: Հանձնաժողովի նիստերին նրանք երբեմն հրապարակային էին ընդհարվում, իսկ վերջին կաթիլը եղավ այն, որ Քոչարյանը թույլ չտվեց՝ Հայկ Սարգսյանի՝ «բանակից ազատվելու» մասին օրենքի նախագծին իր ղեկավարած հանձնաժողովը դրական եզրակացություն տա:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 13-ին, երբ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Հայկ Սարգսյանը նախագիծն էր ներկայացնում, Քոչարյանը հորդորել էր Սարգսյանին փաթեթը հանել օրակարգից: Նրանց միջև թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել, որից հետո Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին: Այդ պահից սկսած՝ Քոչարյան-Սարգսյան հակամարտությունը խորացավ:

Հայկ Սարգսյանի պահվածքը, սակայն, տարակուսելի է մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Նախ՝ Հայկ Սարգսյանը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից։ Նա ոչ միայն վարչապետի հետ հաճախ է տարբեր միջոցառումների մասնակցում, այլև մշտապես ներկա է «հեծանիվ քշելու» ակցիաներին։ Երկրորդ, երբ Սարգսյանը Սիմոնյանին մեղադրում է ընկերական կապերը և բիզնեսային շահերը սպասարկելու համար, շատ լավ գիտի, որ նույն մեղադրանքի սլաքները կարող են ուղղվել հենց Նիկոլ Փաշինյանի աներորդի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ծիրանյանի, Սիսակ Գաբրիելյանի և այլոց դեմ։ Վերջիններս ևս նույն օղակներով սատարել են Սիմոնյանի (ըստ Հայկ Սարգսյանի) բիզնես շահ սպասարկող դիրքորոշումները։

Այս ամենի արդյունքում Ալեն Սիմոնյանը փաստացի ոչ միայն պաշտպանված է մնում իր թիմակիցներով, այլև դառնում է ավելի հարձակողական։ ՔՊ-ի վերջին հայտարարությունը դրա վկայությունն էր. կուսակցությունը տարածեց մոլորեցնող տեղեկություն, թե Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել ՔՊ-ից։ Մինչդեռ ArmLur.am-ը գրել էր, որ Սարգսյանի նկատողությունը տրվել է դեռևս ապրիլին, ոչ թե օրերս։ Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես են կուսակցական խողովակները օգտագործվում մրցակիցներին ներսում թուլացնելու համար։

Սակայն պատմությունը չի ավարտվում միայն Սիմոնյան-Սարգսյան հակամարտությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ շատ շուտով այս հակամարտությունը կթևակոխի նոր փուլ. Հայկ Սարգսյանը պատրաստվում է գրոհել նաև Անդրանիկ Քոչարյանի դեմ։ Վերջինիս հետ, հիշեցնենք, կապված են «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ի հետ տարբեր չպարզաբանված հարցեր, և կուսակցական շրջանակներում նա բազմիցս դավեր է նյութել իր մրցակիցների դեմ։ Աղբյուրները շեշտում են, որ հաջորդ «ռաունդում» շատ հնարավոր է ականատես լինենք «Հայկ Սարգսյան ընդդեմ Անդրանիկ Քոչարյան» բախմանը։

Չնայած Քոչարյանի փորձերին՝ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի» զեկույցով իր դիրքերը ամրապնդելու, անգամ վերջերս արված՝ ՔՊ-ի պաշտոնական անդամ դառնալու քայլերին, կուսակցական միջավայրում վստահ են, որ նրա երգը երգված է։ ՔՊ ապագա թիմում Անդրանիկ Քոչարյանը տեղ չունի։

Մինչ այդ, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պնդում են, որ առայժմ հակամարտող կողմերից որևէ մեկին ՔՊ-ից հեռացնելու մտադրություն չունեն, ավելին՝ սեպտեմբերի 20-ին վարչության անդամներ կընտրվեն ե՛ւ Հայկ Սարգսյանը, ե՛ւ Ալեն Սիմոնյանը։ Բայց նրանց հակասությունները ոչ միայն չեն ավարտվի, այլև շարունակվելու են տարբեր ձևաչափերով։ Առավել ևս, որ ներսում արդեն խնդիր է դրված՝ ՔՊ-ի հաջորդ ԱԺ նախագահի թեկնածուն ոչ մի դեպքում չպետք է լինի Ալեն Սիմոնյանը։

Այս համատեքստում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում մեկ այլ անուն՝ Լիլիթ Մակունց։ Վերջինս ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական և, ըստ աղբյուրների, համեստորեն սպասում է իր հնարավոր ժամանակին։ Չի բացառվում, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը թուլացնելու ակցիան հովանավորվում է հենց Փաշինյանի կողմից:

Կարճ ասած՝ ՔՊ-ի ներսում նախկին թշնամիները վերածվում են դաշնակիցների, իսկ ներկա դաշնակիցները վաղը կարող են դառնալ միմյանց համար ամենավտանգավոր հակառակորդները։

Քաղաքական այս դինամիկան վկայում է միայն մեկ բանի մասին. կուսակցության ներսում խաղաղությունը դեռ երկար ժամանակ հազիվ թե վերահաստատվի. Պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ում պաշտոնակռիվը, 2026 թվականի ընտրացուցակում անցողիկ տեղ զբաղեցնելը թիմակիցներին հանել է միմյանց դեմ