Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մուրալ արվեստն ուղիղ դաստիարակչական նշանակություն ունի, քան որևէ քարի տեսակ. Մուրալ նախագծերի հեղինակ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պատին հայտնվել է Անահիտ աստվածուհու մուրալը, հեղինակն է նկարիչ Մինաս Հալաջյանը, ով երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։
Թեև մուրալը դեռ ավարտված չէ, սակայն այն արդեն քննադատության թիրախում է հայտնվել։ Շատերին զայրացրել, զարմացրել է այն փաստը, որ մուրալն արվել է տուֆե շեքի վրա։
«Յուրաքանչյուր օր զարթնում ես հույս ունենալով որ մարդկային տհասությունն ու մի երկու կոպեկ հետ գցելու մոլուցքը ավելի պակաս չափով կայլանդակի այս ֆանտաստիկ քաղաքը։ Եվ իհարկե դու սխալվում ես...
Ոնց ա կարելի սրբատաշ տուֆը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ ա պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել»,- գրել է ճարտարապետ, քաղաքաշինարար Սահրատ Պետրոսյանը։
Մուրալ նախագծերի հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն քննադատական, նաև դրվատանքի, շնորհակալական, հիացմունքի խոսքեր է լսել, կարդացել։
Նրա նախաձեռնությամբ Երևանում արդեն կա «Ժպտացող հայուհի», «Մուտք դեպի մեծ արվեստ», «Ընդվզում» մուրալները, որոնց հեղինակները ոչ միայն հայ, նաև իտալացի նկարիչներ են։
Մուրալը (իսպաներեն «mural», որը նշանակում է պատ) մեծածավալ արվեստի գործեր են, որոնք ստեղծվում են շենքերի, առաստաղների կամ հասարակական տարածքների պատերի կամ այլ մշտական մակերեսների վրա։
«Սա իմ քաղաքն է, ես այն սիրում եմ, երբեք չեմ վնասի իմ քաղաքը։ Ես այն մարդն եմ, որ այս ոլորտի զարգացման ակունքներում եմ կանգնած։ Ցավոք սրտի, մենք այսօր այս ոլորտը չենք կարողանում ընկալել այն պատճառով, որ ուշ է զարգանում մեզ մոտ։ Քաղաքային մշակույթի այս ոլորտը մեզ մոտ պետք էր 20-30 տարի առաջ զարգանար, հիմքերը դրվեին, որ այսօր մենք զուտ քարը չհարգեինք, չսիրեինք, չսրբացնեինք։ Ինձ համար իբրև մարդու, ով արտ-մենեջմենթով է զբաղվում, նախ և առաջ արժեքավոր է ոչ թե քարը, այլ տվյալ նյութից ստեղծված, կառուցված ճարտարապետական կոթողը»,- ասաց Դ.Խաչատրյանը։
Խոսելով կոնկրետ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պատի վրա արվող մուրալի մասին, նա նշեց. «Թող որևէ մեկն ինձ ապացուցի հակառակը, եթե Ամիրյան փողոցի կողմից կանգնենք ու նայենք շենքին՝ արդյո՞ք էսթետիկական տեսանկյունից և շենքի ներքին բովանդակությանը հարիր արտաքին տեսք ունի այդ շենքը։ Իհարկե, ոչ։
Այն խորհրդային տարիներին կառուցված քիմիական տեխնիկումն է եղել, խրուշչովյան խայտառակ ճարտարապետության արդյունք է։ Քանի որ այն ժամանակ Արթիկի տուֆն էր ամենաէժանը, մարդիկ այդ տուֆով էին աբլիցովկաներ անում։ Չգիտեմ՝ ինչպես պատմության մեջ զարգացում ապրեց տուֆի նկատմամբ չափից ավելի սրբացումը, ինձ համար՝ իբրև արվեստի մենեջմենթով զբաղվող մարդու, մեծ նշանակություն ունի ստեղծագործության դաստիարակչական ազդեցությունը։
Մուրալ արվեստն ավելի ուժեղ ուղիղ դաստիարակչական նշանակություն ունի, քան որևէ քարի տեսակ»։
Դ. Խաչատրյանը նշեց, որ չկա գիտական նորմա, որ տուֆի վրա չի արվում մուրալ, կամ ինչ քարի վրա կարելի է, ինչ քարի վրա չի կարելի։ Նա վստահեցրեց, որ նյութը չի վնասում տուֆը, բարձր որակի ներկ է, ժամանակի ընթացքում՝ անձրևը, եղանակային պայմանները, չեն վնասում մուրալը։
Նա նշեց, որ արգելվում է պատմամշակութային շենքերի վրա մուրալներ անելը. «Ես ինքս առաջին հերթին դեմ կլինեի, որ պատմամշակութային շենքի վրա նկարեն։ Մենք աշխատում ենք հիմնականում այն շենքերի վրա, որոնք խորհրդային շրջանում են ստեղծվել, որևէ պատմամշակութային և էսթետիկական արժեք չեն կրում։ Մենք գույն ենք տալիս։ Չմոռանանք՝ ժամանակակից քաղաք ենք, ուզում ենք 21 -րդ դարի մայրաքաղաք լինել, այդ դեպքում պետք է քաղաքային մշակույթի ոլորում առկա տենդենցներին համահունչ քայլենք»։
Միանս Հալաջյանի աշխատանքները զարդարում են Սպիտակ տան, Նյու Նորքի խոշորագույն բիզնես կենտրոնների պատերը, հոլիվուդյան աստղերի հավաքածուներում են գտնվում։
«Տարիներ շարունակ ապրելով ԱՄՆ-ում՝ որոշել է նվեր անել իր քաղաքին՝ անվճար հիմունքներով, օգտագործելով սեփական ու ընկերների միջոցները։ Կոմերցիոն նախագիծ չէ»,- ասաց Դ.Խաչատրյանը։
Նա նշեց, որ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վրա մուրալի ստեղծման դեպքում համագործակցել են ԿԳՄՍ նախարարության հետ, քանի որ ուսումնական հաստատության շենք է։
Մի քանի օրից մուրալն ամբողջությամբ պատրաստ կլինի ու կկայանա բացումը։

Հաջորդ մուրալը նվիրված կլինի քանդակագործ Արա Սրագսյանի 125-ամյակին, նաև Էրեբունի-Երևան տոնակատարությանը. «Ստեղծելու ենք Արա Սարգսյանի՝ Արգիշտի թագավորին նվիրված քանդակի հիման վրա մուրալ։ Նախագիծն իրականացնելու է իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիան, ով Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության համանուն մուրալն է ստեղծել»։
Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, մուրալ արվեստն արվեստի առանձին տեսակ է, չպետք է ընկալել, որ ուղղակի կեղտոտ պատերը փակում են, պետք է պատվով ներկայացնել, քաղաքի լավ տեղերում, նկարչության տեսակ է, որն ազդում է մարդկանց ճաշակի ձևավորման վրա։