Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել հոսանքազրկված դահլիճում, իսկ «Արշակ Բ» օպերային ներկայացումը չեղարկվել է
Մշակույթ
14:42 20/09/2025
Հայաստան

Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել հոսանքազրկված դահլիճում, իսկ «Արշակ Բ» օպերային ներկայացումը չեղարկվել է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում նախօրեին պետք է «Արշակ Բ» օպերային ներկայացումը լիներ, սակայն այն չի կայացել; 

«Նախօրեին նախատեսված «Արշակ Բ» օպերային ներկայացումից առաջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, ինչի պատճառով ներկայացումը տեղի չի ունեցել:

Կարող եք կատարել Ձեր տոմսերի ետվերադարձ կամ փոխանակում այս ամսվա խաղացանկային այլ օպերաների հետ՝ գրելով էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին կամ մոտենալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղ»,- հայտնում են օպերայի և բալետի թատրոնից։ 

Իսկ ահա նույն շենքում գտնվող Արամ Խաչատրյան համերգասրահում մթության մեջ կայացել է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը, որով ազդադարվել է նաև  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանը։ Ելույթ է ունեցել համաշխարհային հեղինակավոր բեմերը նվաճած, ականավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ հռչակավոր ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ

«Չնայած այն փաստին, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում լույս չկար գրեթե 2 ժամ, այդուհանդերձ աշխարհահռչակ ջութակահարի մասնակցությամբ համերգը կայացավ լեփլեցուն դահլիճում»,- նշում են նվագախմբից։ 

Ծրագրում հնչել է  հանճարեղ գլուխգործոցներ՝ Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել հոսանքազրկված դահլիճում, իսկ «Արշակ Բ» օպերային ներկայացումը չեղարկվել է