Էլեոնորա Սաղաթելյանը բռնի տեղահանված արցախցիների ցավն ու տառապանքը ներկայացնում է աբստրակտ նկարներով
Մշակույթ
11:09 19/09/2025
Հայաստան

Էլեոնորա Սաղաթելյանը բռնի տեղահանված արցախցիների ցավն ու տառապանքը ներկայացնում է աբստրակտ նկարներով

Էլեոնորա Սաղաթելյանը կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ է։ Այսօր նրան հիմնականում դիմում են բռնի տեղահանված արցախցիները՝ պատմելով, կիսվելով իրենց ցավով։

Այդ ցավը նրան ծանոթ է ոչ միայն մեկը մյուսի հետևից լսած նմանատիպ պատմություններից, այլ նաև անձնական է. 1989 թվականին իր ընտանիքի հետ Գանձակից գաղթել է Հայաստան՝  «ինչպես արցախցիները 2023-ին՝ մեկ հագուստով»։

Արցախցիների հետ շփումից, նրանց ցավի ու տառապանքի պատմությունները լսելուց հետո...  Էլեոնորա Սաղաթելյանն այսօր արդեն նկարում է՝ աբստրակ ոճի միջոցով նրանց տրավման վերածում է արվեստի, արվեստի լեզվով պատմում է այն, ինչ իրեն պատմել են բռնի տեղահանված արցախցիները։  

«Կյանքումս վրձին չէի բռնել։ Նախանձով էի նայում նկարիչներին։ Մի օր ռիլսերով տեսա, ինչպես են մարդիկ նկարում։ Գնացի խանութ, գնեցի ակրիլներ ու սկսեցի նկարել։

Իմ լսածի, իրենց զգացումների պատասխան ճիչն են իմ նկարները։ Դրան գումարվում են նաև իմ անձնական ապրումները»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Էլեոնորա Սաղաթելյանը։

Այսօր  Երևանում՝ ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց 2/2) կբացվի Էլեոնորա Սաղաթելյանի «Կատարսիս» խորագրով ցուցահանդեսը։ 22 կտավներ, որոնք պատմում են արցախցիների տրավմաների մասին։ Բնականաբար, ցուցահանդեսի օրն էլ պատահական չէ ընտրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա, որի հետևանքով էլ արցախցիները ստիպված լքեցին իրենց հայրենիքը։

«Կատարսիս՝ ազատվում ես մի բանից։ Հոգեբանական տեսակետից նշանակում է բուժում։ Նկարելն ինձ օգնում էր «բուժվել»։ Իրենցից վերցնում եմ ու հանձնում եմ նկարին»,- ասաց նա։

Բռնի տեղահանված արցախցիները Էլեոնորա Սաղաթելյանին հիմնականում դիմում են հետտրավմատիկ խանգարումներով, հիմա ավելի շատ՝ խուճապային գրոհների խնդրով. «Չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ։ Վստահության պակաս կա, անվտանգության զգացում ունեն։

Ունեմ 4-55 տարեկան պացիենտներ։  Երեխաների կային, որոնք անձրևի ժամանակ մտնում էին սեղանի տակ, քանի որ երբ  պատերազմի ժամանակ սկսել են ռմբակոծել, ասել են՝ մի վախեցեք, անձրև է գալիս։

Ամենադժվարը մարդկային կորուստներ ունեցած պացիենտների հետ է աշխատելը։  Իսկ նրանք, ովքեր չունեն մարդկային կորուստ, ասում են՝ մեր կորուստը չնչին է։

Սովորաբար իրենք դժվար են բացվում։ Իրենց մեծ մասը կյանքում չէր գնացել հոգեբանի մոտ։ Առաջին հինգ րոպեն լարված են լինում, հենց ասում եմ՝ կարող եք Արցախի բարբառով խոսել, միանգամից այդ պատն ամբողջությամբ քանդվում է»,- ասաց Է.Սաղաթելյանը։

Նա հիշեց 12-ամյա արցախցու  պատմությունը. «12 տարեկան մի տղա հորը զենք տանելիս է եղել, ճանապարհին թուրքի է հանդիպել։ Եթե ինքը չկրակեր, իրեն կկրակեին։ Ինքը կրակում է, բայց ծանր է տանում, որ մարդ է սպանում։ Կապ չունի, որ սպանել է թուրքի, ասում է՝ ես մարդ եմ սպանել։ Շատ ծանր աշխատանք էր, բայց արագ դուրս եկավ այդ վիճակից»։

Ցուցահանդեսի ժամանակ ու դրանից հետո վաճառված կտավների գումարը հատկացվելու է արցախցի երիտասարդներին՝ որպես ուսման վարձ։

«Ես ունեմ պատերազմի իմ հերոսը՝ Սերգեյ Աթայանը։ Ես իրեն չեն ճանաչել, բայց իր հարազատներից  եմ լսել իր պատմությունը. հինգ հոգով, իրենց կյանքի գնով  մինչև վերջ կռվել են, որպեսզի գյուղից 200 հոգի կարողանան տարհանվել։

Ցանկացել է բժիշկ դառնալ։ Ցավոք... Իր անունով  բարեգործական հիմնադրամ եմ ստեղծել։ Գումարը կտրամադրեմ արցախցի բազմազավակ ընտանիքների երեխաներին, որոնք ուսման վարձի կարիք կունենա»,- ասաց Էլեոնորա Սաղթելյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder