«Ժողովուրդ». ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց
Օրվա մամուլ
08:45 20/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կատարած այցի ընթացքում խոստացել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել մեր երկրին տրանսպորտի, թվայնացման, էներգետիկայի, առևտրի և ենթակառուցվածքային նախագծերում։ Նա շեշտել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Հայաստանը դարձնելու տարածաշրջանային կապերի կարևոր հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի շրջանակում։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանի համար դիմակայունության և աճի ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումն է հատկացնում։ «Ավելի քան 200 միլիոն եվրոյի մասին է խոսքը, որը կխթանի կապակցվածության, դիմակայունության և բիզնեսի զարգացման ոլորտում ներդրումները։ Սա վկայում է Հայաստանի հստակ բարեփոխումների օրակարգին հավատարիմ լինելու մասին։ Սա նաև վկայում է ձեր հստակ հանձնառության մասին՝ կարևոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելուն»,- հայտարարեց Կոսը։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց։ Ըստ մեր տեղեկությունների՝ մի շարք խոչընդոտներ շարունակում են արգելակել գործընթացը՝ սկսած օրենսդրական անհամապատասխանություններից մինչև իրավական ակտերի թերի համապատասխանեցում ԵՄ ստանդարտներին։ Նույնիսկ ՍԵՊԱ-ի համաձայնագրով նախատեսված օրենքների մոտարկման գործընթացը հազիվ 60 տոկոսով է կատարված մինչ օրս: Խնդիրներ կան նաև վարչարարության և քաղաքացիության վերաբերյալ կարգավորումների մեջ, ինչը խանգարում է խորքային և համակարգային ինտեգրացիային։

Հենց այս պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում որդեգրվել է ոլորտային ինտեգրման մոտեցում, այսինքն՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը կառուցվում է կոնկրետ ոլորտների շուրջ՝ էներգետիկա, թվայնացում, առևտուր և այլ առաջնահերթ ճյուղեր։ Սա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, ավելի իրատեսական և աշխատող մոդել է համարվում ներկայիս պայմաններում։

Ընդհանուր պատկերը հստակ է՝ ԵՄ-ից հնչող բարձրագոչ հայտարարությունները դեռ լիարժեք չեն վերածվում ինստիտուցիոնալ ինտեգրման։ Մինչ Եվրոպան խոսում է խաղաղության, կապակցվածության և ներդրումների մասին, Հայաստանում ընթացիկ քաղաքական իրողությունները ստիպում են շարժվել մասշտաբային փոխակերպումների փոխարեն՝ փուլային, թեմատիկ և միտումնավոր զգուշավոր ճանապարհով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». ԵՄ-Հայաստան հարաբերություններում իրական ինտեգրացիան դեռ հեռու է ամբողջական լինելուց