Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամեն օր մեր կենցաղից առաջացող թափոնները դառնում են լուրջ մարտահրավեր ինչպես քաղաքների, այնպես էլ բնության համար։ Խնդիրը լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը՝ թափոնների տեսակավորումն է։ Ճիշտ տեսակավորումն ու պատրաստումը ոչ միայն նվազեցնում են աղբավայրերի ծանրաբեռնվածությունը, այլև հնարավորություն են տալիս թափոնը վերածել նոր օգտակար արտադրանքի՝ խնայելով բնական ռեսուրսներն ու էներգիան։ Օրինակ՝ Հայաստանում պլաստիկի երկրորդային վերամշակումից ստանում են ծաղկամաններ, կախիչներ, դույլեր, արկղեր և այլն։ Երկրորդային վերամշակում անցած պլաստիկը չի օգտագործվում սննդի մեջ։ Որքանո՞վ է տարածված թափոնի տեսակավորման կուլտուրան և ինչպե՞ս պետք է ճիշտ տեսակավորել թափոնը։ Panorama.am-ը զրուցել է «Գրին Գրին» էկոկենտրոնի կամավոր Անի Նավասարդյանի հետ։
Լուսանկարում՝ Անի Նավասարդյան

Նշենք, որ «Green Green» Էկոկենտրոնը վերամշակվող թափոնների հավաքման առաջին վայրն է Երևանում, ինչպես նաև իրերի փոխանակման կետ։ Էկոկենտրոնը գործում է բացառապես կամավորների չվարձատրվող աշխատանքի հաշվին: Կամավորների աջակցությամբ Երևանի և երևանամերձ տարբեր հատվածներում կուտակված աղբը հավաքվում է, այնուհետև տեսակավորում։
«Մեկ ամսվա ընթացքում «Green Green»-ի կամավորները հավաքել են 3190,4 կգ աղբ , որից 34,32 կգ պլաստիկ է։ Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է։ Մեր կողմից պարկերով հավաքված ընդհանուր աղբը տանում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, իսկ տեսակավորված թափոնն իրացվում է Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Անի Նավասարդյանը։
Մեր զրուցակիցը հատկապես կարևորեց հանրային իրազեկումը ՝ թափոնն աղբից տարանջատելու և այս գործընթացն ավելի գրագետ իրականացնելը։ Մայրաքաղաքում թեև հետզհետե ավելանում են այն քաղաքացիների թիվը, որոնք սկսում են իրենց տանը տեսակավորել և առանձնացնել պլաստիկը, թուղթը, ապակին կամ ալյումինե իրերը, սակայն ոչ միշտ է , որ նրանք առանձնացնում են երկրորդային մշակման համար պիտանի թափոն։ Կարևոր է իմանալ, թե որ տեսակի թղթե կամ պլաստիկե թափոնն է վերամշակվում կամ որ տեսակի թափոնները պետք է տեսակավորել տանը և ինչպես։
Անի Նավասարդյանը նախ նշեց՝ երկրորդային հումքի կամ ինչպես ընդունված է ասել՝ թափոնների տարածված տեսակներն են պլաստիկը թուղթը, ապակին, ալյումինե և թիթեղյա տարաները, որոնք կարելի է տեսակավորելուց հետո նետել գունավոր թափոնամանների մեջ։ Այնուհետև, ըստ նրա, կա պատրաստած ուղեցույց, թե ինչպես պետք է տարանջատել՝ թղթե, պլաստիկե , մետաղե կամ ապակե տեսակները։
«Թղթի տեսակավորման համար նախատեսված թափոնամանում կարելի է գցել թղթե տոպրակներ, քրաֆթ թուղթ, թռուցիկներ, բրոշյուրներ, ամսագրեր, թերթեր, տետրեր, ալբոմներ, ստվարաթուղթ, ձվի տուփեր, թղթե գլաններ։
Դեղին թղթի համար նախատեսված թափոնամանում չի՛ կարելի նետել կտրոններ, յուղոտ թուղթ կամ ստվարաթուղթ, լամինացված թուղթ, մեկանգամյա օգտագործման «թղթե» բաժակներ և այլ սպասք, թխելու թուղթ, պաստառներ, լուսանկարներ, զուգարանի թուղթ, անձեռոցիկներ և թղթե սրբիչներ, թուղթ մետաղական զսպանակներով, ամրակներով և պլաստիկ ներդիրներով»։
Իսկ թե ինչպե՞ս պատրաստել թղթե թափոնները հանձնման համար, Նավասարդյանն ասաց՝ շատ ժամանակ չի պահանջվում, փոխարենն արված աշխատանքն այսպես ասած՝ ջուրը չի ընկնում։
«Տուփերը հարթեցնել, ծալել, հեռացնել մետաղական զսպանակները և պլաստիկ ներդիրները, ստուգել թաղանթի առկայության փայլուն թղթի վրա՝ պատռելով այն, հեռացրել կպչուն ժապավենը ( սկոտչ) և հնարավորության դեպքում՝ պիտակները հեռացնել փաթեթներից, ինչպես նաև ոչ թղթե բռնակները , օրինակ՝ թելեր կլինեն կամ ժապավեններ»,- ասաց էկոկենտրոնի կամավորը։

Ինչ վերաբերում է պլաստիկին, ապա կարելի է տեսակավորել պլաստիկե շշերը։
« Ըմպելիքների, կաթնամթերքի և ձեթի շշեր: Շշի տակ կա ուռուցիկ կետ: Տեսակավորվում է նաև պոլիէթիլենը։ Դրանք են՝ բռնակներով տոպրակներ, թափանցիկ թաղանթ, փոստային փաթեթներ, zip lock փաթեթներ, պղպջակներով (ճտպտացող) փաթեթներ: Կենցաղային քիմիական նյութերի, կոսմետիկայի փաթեթներ, պլաստիկե տարաները(կանիստրներ) ըմպելի յոգուրտների շշեր, կենցաղային քիմիական նյութերի, շարժիչի յուղի, կոսմետիկ միջոցների և ըմպելիքների շշեր, սրվակներ, կանիստրներ։ Կենցաղում շատ է օգտագործվում թթվասերի, մածունի, յոգուրտի և այլ սննդամթերքի տարաները, բաժակներ, միանգամյա օգտագործման սպասքը, խմելու ձողիկներ, խոհանոցային տախտակները, դույլերը, որոնք ևս վերամշակվում են»,-թվարկեց մեր զրուցակիցը։
Տեսակավորման ենթակա են նաև շինարարական թափոնները, օրինակ՝
լուսամուտների պրոֆիլներ, խողովակներ, սալիկներ, պանելներ և այլն։ Օգտակար է իմանալ, որ տեսակավորված պլաստիկի հետ չպետք է խառնել աղտոտված պլաստիկը։
«Օրինակ՝ սննդի, ըմպելիքների, յուղերի կամ կենցաղային քիմիայի մնացորդներով աղտոտված պլաստիկը չի կարելի գցել թափոնամանի մեջ։ Նման պլաստիկը պետք է նախապես լվանալ։ Քայքայված պլաստիկը, դեղնած, մգացած, փխրուն ու փշրվող պլաստիկ, իր կառուցվածքը կորցրած պլաստիկը ևս հնարավոր չէ վերամշակել։ Ոչ շշային միանգամյա օգտագործման սննդի տարաներ, միանգամյա օգտագործման բաժակների կափարիչներ, հրուշակեղենի և այլ մթերքի ամաններ։ Շամպույնների և այլ կոսմետիկայի շշեր։ Սննդամթերքի և կենցաղային ապրանքների փաթեթներ, դեղահաբերի բլիստերներ, բանկային քարտեր, բժշկական ապրանքներ (ձեռնոցներ և դիմակներ, ներարկիչների մասեր, կաթետերներ, խողովակներ), ջերմային սեղմաթաղանթի փաթեթավորում: Ձավարեղենի, սնեքերի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի փաթեթներ: Յոգուրտի և այլ մթերքի բաժակներ և տարաներ, միանգամյա օգտագործման սպասք: Բանջարեղենի և կտրտած սննդի պենոպլաստե փրփրացված ամաններ, միանգամյա օգտագործման լանչի տուփեր, պենոպլաստ: Այս ցանկում պետք է ավելացնել նաև կենսաքայքայվող տոպրակները։ Այս տոպրակները պարունակում են հավելումներ, որոնք արագացնում են դրանց քայքայումը միկրոպլաստիկի և աղտոտում են վերամշակվող հումքը, ինչպես նաև փուչիկներն ու լատեքսե իրերը»։

Ի վերջո, ինչպե՞ս ճիշտ տեսակավորել թափոնները։
Թափոնների տեսակավորման համար կան սահմանված կանոններ, որոնց ցանկալի է հետևել։ Ինչպես թղթի,այնպես էլ պլաստիկի դեպքում կա գործողությունների ուղեցույց։
«Շշերը պետք է լվանալ, թեթև չորացնել, սեղմել, որպեսզի հնարավորինս քիչ տեղ զբաղեցնի և միայն այդպես դնել տեսակավորման տարայի մեջ։Ընդգծենք, որ խոնավ ու կեղտոտ պլաստիկը փչացնում է մյուս նյութերը, նվազեցնում վերամշակման արդյունավետությունը։ Թաց շշերը կամ յուղոտ թղթերը փոքր բան են թվում, սակայն դրանք կարող են ամբողջ խմբաքանակն անպիտան դարձնել։ Կափարիչներն ու պիտակները հանելու կարիք չկա։ Իսկ ահա շշի վրա, եթե առկա է ցանիչ, ապա այն պետք է հեռացնել։ Միշտ փակել ձեթի շշերը կափարիչով, հեռացնել ջերմային սեղմաթաղանթը»,- նշեց Նավասարդյանը՝ հավելելով․
«Ճիշտ տեսակավորումը մեծացնում է վերամշակվող նյութի արժեքը, նվազեցնում ծախսերը, որոնք ունենում են վերամշակման կազմակերպությունները։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր տանը ստեղծել փոքր անկյուն՝ թափոնները լվանալու, չորացնելու և տեսակավորելու համար։ Այս պարզ քայլերը, որոնք մեզանից յուրաքանչյուրի ուժերի սահմաններում են, կօգնեն պահպանել մաքրությունը մեր բակում, քաղաքում և երկրում։ Բացի դրանից յուրաքանչյուրիս ջանքերով հնարավոր է մեղմել այսօր աշխարհին պատուհասած կարևորագույն էկոլոգիական խնդիրներից մեկը՝ հողի, ջրի պլաստիկե թափոններով աղտոտվածությունը»։
Ապակե թափոնների հետ կապված նշենք, որ լամպերը, կերամիկան և ծաղկամանները, հայելիները, ավտոմոբիլային ապակին ենթակա չեն երկրորդային վերամշակման։ Այս տեսակները խորհուրդ չի տրվում խառնել մյուս տեսակի ապակե թափոնների հետ։ Այս դեպքում ևս ցանկալի է, որպեսզի ապակին կեղտոտ չնետվի աղբաման։
Վերջին հաշվով, թափոնը աղբ չէ․ այն ստանում է երկրորդ կյանք ՝ դառնալով նոր շիշ, թուղթ կամ այլ պիտանի իրեր, որոնք օգտագործում ենք կենցաղում։
Լուսանկարները՝ Անի Նավասարդյանի, Երևան, Հրազդանի կիրճ




Հավելենք նաև, որ նյութ պատրաստման համար խթան հանդիսացավ քաղաքացու նամակը՝ Panorama.am-ին, որը ներկայացնում ենք ստորև․
«Մեր ընտանիքը տարիներ է արդեն, որ տեսակավորում, լվանում, չորացնում, հավաքում է պլաստիկը։ Սկզբում վճարում էինք, որ գան, տանեն, հիմա հատուկ աղբամանների մեջ ենք լցնում, ուր հաճախ ինչ ասես կա լցրած։ Մարդ ուզում է իր «խնամած» պլաստիկը էլի տուն տանի, որ չաղտոտվի։ Չգիտեմ, այն հույսով ենք անում, որ այդպես բնությունը շատ չի աղտոտվի։ Եթե բոլորն այդպես անեն։ Կամ գոնե՝ աղբը ճիշտ տեղեր լցնեն։ Մեկ-մեկ բարկանում եմ ՝ պլաստիկը լցնում եմ տան ընդհանուր աղբամանում, հետո նորից խելոք հանում, լվանում, չորացնում եմ, տեսակավորում, լցնում տոպրակը, ճիշտ աղբամանների մեջ։ Շատ կուզեի, որ բոլորն այդպես անեն։ Կամ գոնե նրանք, ովքեր ունեն դրա հնարավորությունը»։
Մեզ հասցեագրված նամակում քաղաքացին կցել է նաև իր տանը տեսակավորված պլաստիկից լուսանկարներ։
