Երևանում բացել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը
Մշակույթ
21:44 21/09/2025
Հայաստան

Երևանում բացել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում այսօր բացվել է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը։

Նախքան ցուցադրության բացումը կայացած ասուլիսում Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորագույն օրն իրենց թանգարանի հետ մշակութային ժառանգությունն արժևորելու և նման երկխոսություն ստեղծելու համար, ինչը նրա խոսքով, երկու երկրների հրաշալի համագործակցության մեծ ցուցիչ է: Շուտով Լուվրում կբացվի նոր՝ Բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության բաժինը, որի շրջանակում ևս Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցություն է նախանշվում։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել է, որ ներկայացված ցուցանմուշները հոգևոր ու արվեստի գլուխգործոցներ են, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է Եգիպտոսից մինչև Բյուզանդական կայսրություն ու Հայաստան, իսկ ժամանակագրությունը՝ 4-19-րդ դարերը՝ բացահայտելով մշակութային տարբեր շերտեր:

«Մեզ համար կարևոր է այս համագործակցությունը Լուվրի թանգարանի հետ՝ նոր ձևաչափով, նոր համագործակցության փուլ սկսելու առումով նաև: Ամեն ինչի սկիզբը դրվել է ԿԳՄՍ նախարարության և նախարար Ժաննա Անդրեասյանի ակտիվ աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ»,-  Հայաստանի պատմության թանգարանի հաղորդմամբ՝ նշել է Դ. Պողոսյանը՝ իր գոհունակությունը հայտնելով կարճ ժամանակահատվածում ցուցահանդեսի մտահղացումը կյանքի կոչելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder