«Հունիսի 12-ի» գործով մեղադրյալ Տ.Կլեկչյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը վերացվել է․ Մելիքյան
Իրավունք
20:43 22/09/2025
Հայաստան

«Հունիսի 12-ի» գործով մեղադրյալ Տ.Կլեկչյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը վերացվել է․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Այսօր «հունիսի 12-ի գործով» հերթական դատական նիստն էր։ Նախորդ դատական նիստից օրեր անց պաշտպանյալներիցս մեկը՝ նախկին քաղբանտարկյալ Տիգրան Կլեկչյանը, ծանր կաթված էր ստացել, ինչն ազդել էր նրա շարժունակության վրա։

Դատական նիստում միջնորդեցինք վերացնել Տ.Կլեկչյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը, որպեսզի նա այլևս ստիպված չլինի շաբաթը մեկ այցելելու Պրոբացիայի ծառայություն։ Լսելով կողմերի կարծիքը (մեղադրող դատախազը չառարկեց)՝ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 3-ը, որովհետև 16 մեղադրյալներից մեկի փաստաբանը՝ վարույթին մասնակցող միակ հանրային պաշտպանը, ներգրավվել է վարժական հավաքի։

Զորակոչվածներին՝ անփորձանք ծառայություն, հիվանդներին՝ առողջություն, քաղբանտարկյալներին էլ՝ ազատություն»։

Հիշեցնենք, որ «հունիսի 12-ի» գործով մեղադրանք է առաջադրվել  16 քաղաքացու նկատմամբ։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։

Ըստ մեղադրանքի, Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին, Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի, Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին, Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին, Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից Էդգար Յուխանաևն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:

Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»:

ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder