Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանին. Խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու հիստերիկ նոպաներով կառավարվող անձնավորության հետ բանավեճին
Քաղաքական
14:26 23/09/2025
Հայաստան

Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանին. Խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու հիստերիկ նոպաներով կառավարվող անձնավորության հետ բանավեճին

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հրապարակային կերպով դիմել է  ՀՀ առասջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

«Հարգելի պարոն Նախագահ,

Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատական Ձեր վերջին հայտարարությունները մեծ արձագանք են առաջացրել հանրության մեջ, հսկայական տարածում ստացել լրատվամիջոցներում և սոցցանցերում:

Լիովին ընդունելով Ձեր հնչեցրած քննադատության արդարացիությունն ու ճշմարտացիությունը` խնդրում եմ Ձեզ հաշվի առնել մի նուրբ հանգամանք:

Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն, որին Ձեր, որքան էլ ճշգրիտ, բացահայտումները հանում են հավասարակշռված վիճակից, առաջացնում էլ ավելի խորը հիստերիկ նոպաներ և անքնություն, ինչը կարող է երկրի անվտանգության և կայունության համար լուրջ, անգամ ցնցումային, հետևանքներ ունենա, ինչպես անցյալում բազմիցս եղել է:

Մթագնած այս վիճակում Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անգամ սուտ մատնություն կատարել սեփական երկրի դեմ և Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի դեմ կազմակերպված «Նյուրնբերգյան» ֆեյք-դատավարության համար կեղծ ցուցմունքներ տալ Հայաստանի Հանրապետության դեմ:

Սուտ ցուցմունքներ կտա, բայց չի բացահայտի 2019 թվականին իր կողմից մերժված Մինսկի խմբի խաղաղության պլանը, խուսափելով Արցախյան խնդրի շուրջ փաստերի վրա հիմնված բանավեճից և 2020 թվականին բանակցություններից հրաժարվելու ևՀայաստանը աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելու փաստերի ապացույցների բացահայտումից:

Իրավիճակը լուրջ է, պարոն Նախագահ: Հիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը, առաջարկում հանրային բանավեճ կալանավայրի խցիկում, զառանցում ինչ-որ «խաղաղության գոտու» և «սնուցող մայրերի» մասին:

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ Ձեր բանավեճի մասին երևակայելն անգամ հղի է երկրի ղեկավարի հոգեկան վիճակի քայքայման վտանգով և Հայաստանի անվտանգության համար լրջագույն սպառնալիքներով, խնդրում եմ ինձ տալ լիազորություն Ձեր անունից մասնակցելու Փաշինյանի հետ բանավեճում: Խոստանում եմ թերապևտիկ զգալի էֆեկտ»։

Լուսանկարը՝ «Առավոտ»-ի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder