ՄՕԿ. Մտահոգված ենք, որ մրցումները բոյկոտվում կամ չեղարկվում են քաղաքական պատճառներով
Աշխարհում
17:55 23/09/2025
Աշխարհ

ՄՕԿ. Մտահոգված ենք, որ մրցումները բոյկոտվում կամ չեղարկվում են քաղաքական պատճառներով

«Հակամարտություններից բզկտված աշխարհում սպորտը պետք է մնա հույսի փարոս. մենք խորապես հավատում ենք դրան: Այս գործառույթը գտնվում է օլիմպիական շարժման  սրտում»,- այս մասին նշված է Միջազգային օլիմպիական կոմիտեի հայտարարության մեջ։ 

ՄՕԿ-ը կարծում է, որ բոլոր անհամաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այլ ոչ թե բռնությամբ:

«Մենք խիստ մտահոգված ենք, որ աշխարհի տարբեր երկրներում մրցումները խափանվում են, մարզիկների մուտքը սահմանափակվում է, իսկ մրցումները բոյկոտվում կամ չեղարկվում են քաղաքական պատճառներով: Այս ամենը զրկում է մարզիկներին մրցելու իրավունքից և խանգարում է օլիմպիական շարժմանը՝ ցուցադրելու  սպորտի միավորող ուժը»,- նշված է հայտարարության մեջ:

ՄՕԿ-ը հիշեցնում է, որ օլիմպիական խարտիայի համաձայն, շարժման մասնակիցները պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն: Սա, մարզական կազմակերպությունների ինքնավարության հետ մեկտեղ, բազմիցս հաստատվել է ՄԱԿ-ի բանաձևերով։

«Այս ամենի մասին վկայեց  Փարիզի խաղերը, որտեղ 206 երկրների ներկայացուցիչներ միասին ապրեցին օլիմպիական գյուղում և մրցեցին նույն ասպարեզներում։ Հետևելով այս ուղղությանը, ՄՕԿ-ի գործկոմը մտադիր է գտնել միջոց, որպեսզի բոլոր ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները կարողանան մրցել Դաքարում 2026թ.  կայանալիք պատանեկան  օլիմպիական խաղերում», - ՀԱՕԿ հաղորդմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ժամանակ հայտարարվել է նաև նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը կլինի պաշտպանել օլիմպիական հիմնարար սկզբունքները.

«Սա նպատակ ունի ապահովել, որ ՄՕԿ-ը, օլիմպիական խաղերը և սպորտը, որպես ամբողջություն, շարունակեն մնալ քաղաքականապես չեզոք և կատարեն աշխարհը մրցակցության միջոցով միավորելու իրենց առաքելությունը։ Մարզիկները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց նվիրվածությունը օլիմպիական արժեքներին և դառնալ օլիմպիական հիմնարար սկզբունքների դեսպաններ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder