Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրման ծրագիրը փակման վտանգի առաջ
Քաղաքական
18:09 23/09/2025
Տարածաշրջան

Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրման ծրագիրը փակման վտանգի առաջ

Ընթացիկ տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրման և լեզվի խնդրի լուծման նպատակով գործադրված, թերևս, ամենահաջողված ծրագիրը՝ «1+4»-ը, «Վրացական երազանք»-ը նախատեսում է առաջիկայում դադարեցնել։ «Վրացական երազանք»-ը, որ վերջին տարիների ընթացքում ընդունել է բազմաթիվ վիճահարույց օրենքներ, սկսել է «բարեփոխումներ» իրականացնել տարբեր բնագավառներում, նախատեսում է նաև դադարեցնել «1+4» կրթական ծրագիրը։

«Վրացական երազանք»-ի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն հանձնաժողովի լսումների ժամանակ մայիսին հայտարարել էր, որ «մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար վրացերենով նախատեսված «1+4» կրթական ծրագիրն այլևս անհրաժեշտ չի լինի»։ Միքանաձեն ասել էր, որ երկրում ազգային փոքրամասնությունների շրջանում վրաց լեզվին տիրապետման առումով «զգալի բարելավում» կա, և ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչների 93 տոկոսը «լավ մակարդակով տիրապետում է վրացերենին», հետևաբար առաջիկայում կդադարեցվի ծրագրի գործունեությունը։

Վրաստանում, որի բնակչության ավելի քան 13,5 տոկոսը կազմում են ազգային փոքրամասնությունները, «1+4» կրթական ծրագիրը գործի է դրվել 2010 թվականից։ Ծրագրի ընդունումից ի վեր հազարավոր երիտասարդներ սկսել են իրենց բարձրագույն կրթությունը ստանալ Վրաստանի տարբեր բուհերում, ընդ որում` տարեցտարի ընդունվողների թիվն ավելանում է։ Օրինակ, եթե 2010 թվականին ընդունվողների թիվը կազմում էր 247 հոգի, արդեն 2019-ին նրանց թիվը գերազանցել է 1300-ի շեմը , իսկ 2024 թվականի տվյալներով` 5 տարվա կտրվածքով ընդհանուր առմամբ ծրագրից օգտվել է ազգային փոքրամասնության 5837 ներկայացուցիչ։ Արդյունքում ծրագրի շնորհիվ հազարավոր ուսանողներ մնացել և ուսումը շարունակել են Վրաստանում, այլ ոչ թե հարևան երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում:

«Ես իմ սեփական փորձից ելնելով կարող եմ ասել, որ սա միակ հնարավորությունն է, որի շնորհիվ ազգային փոքրամասնությունները կարող են բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի համալսարաններում, որն էլ հետագայում նպաստում է Վրաստանում աշխատանք գտնելուն։ Ծրագրի դադարեցման դեպքում, ըստ իս, կտրուկ կնվազի ազգային փոքրամասնությունների երիտասարդների ընդունելությունը Վրաստանի բուհեր», -«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Իլիայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ուղղության նախկին ուսանող Եկատիրինա Կապլանյանը։

Եկատիրինան, որ ընդունվել է համալսարան 2015 թվականին «1+4» ծրագրով, ասաց, որ այս տարի իր դիպլոմային աշխատանքը գրելու ժամանակ հարցազրույց է վերցրել ջավախահայ մի քանի երիտասարդից, և նրանք ասել են, որ ծրագրի փակվելը միանշանակ բացասական ազդեցություն կունենա տեղի հայ երիտասարդների վրա, և մեծամասնությունը կրկին կնախընտրի կրթությունը շարունակել Հայաստանի բուհերում, իսկ այն դրական պրոգրեսը, որը գրանցվել է այս տարիների ընթացքում` կզրոյանա։ Նա նաև նշեց, որ այս ծրագրի առկայության շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ ապահովվել են աշխատանքով, այսինքն` ծրագիրը նաև ունեցել է սոցիալական ազդեցություն։

«Պետք է նշեմ նաև, որ ծրագրի ուսուցման մակարդակը տարբեր համալսարաններում տարբերվում է, ինչն էլ, ըստ իս, բացասական երևույթ է։ Ծրագիրն այս դեպքում ավելի շատ օգնում է ադապտացվել միջավայրին, հասարակությանը, և հիմք է դրվում վրացական հասարակությունում ինտեգրմանը»,- ասաց Եկատիրինա Կապլանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder