Երևանյան խճուղում կրակոցներից մահացել է նաև Փարաքարի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը
Իրավունք
01:52 24/09/2025

Երևանյան խճուղում կրակոցներից մահացել է նաև Փարաքարի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ հայտնում են ոստիկանությունից։ 

Ինտերնետը հիշեցրեց Գրիգորյանի անցյալ տարվա գրառումներից. «Ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը ինչպես մեր համայնքում, այնպես էլ ամբողջ երկրում բերում է նորանոր խնդիրներ մեր ժողովրդի համար և հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի հետ միասին ազատվելու ենք միայն սեփական շահերի մասին մտածող պաշտոնյաններից»։ 

Իսկ այս տարվա վերջին գրառումներից մեկը սա է. 

«2026 թվականի համապետական ընտրություններին ժողովուրդը կանգնելու է վճռական ընտրության առաջ և նրանց ձայնով է որոշվելու, թե որ ճանապարհով է քայլելու Հայաստանը։ Այն լինելու է պատասխանատվության և գիտակցված ընտրության պահ, երբ յուրաքանչյուր քվե կարող է դառնալ ուղենշող երկրի զարգացման համար:

Այդ օրը մարդիկ ընտրելու են ոչ միայն իշխանություն այլ նաև որոշելու են իրենց վաղվա օրն ու ապագայի ընթացքը»: 

Վերջին գրառումը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ է. 

«... Անկախությունը միայն իրավական կարգավիճակ չէ. այն ոգի է, պայքար, նվիրում և սեր առ հայրենիք։ Հաղթական ճանապարհով ձեռք բերված անկախությունը հայ ժողովուրդը պահպանեց բազում փորձություններով, ցավոք, նաև պարտությամբ ու շարունակվող կորուստներով։ Խոնարհումս անկախության ձեռքբերման և պահպանման ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակին։ Հավերժ փառք ու պատիվ Հայրենիքի համար նահատակվածներին։

Հայրենիքն սկսվում է սահմանից, որի պաշտպանության բարդ և պատասխանատու գործը վստահված է հայրենիքի սահմաններին ծառայություն իրականացնող զինվորներին և սպայական կազմին։ Մաղթում եմ նրանց առողջություն, ուժ և խաղաղ ծառայություն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder