C. auris վարակը շարունակում է արագ տարածվել եվրոպական հիվանդանոցներում
Առողջություն
09:56 25/09/2025
Հայաստան

C. auris վարակը շարունակում է արագ տարածվել եվրոպական հիվանդանոցներում

Հաստատվել է դեղակայուն Candidozyma auris սնկի արագ տարածումը եվրոպական հիվանդանոցներում. հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի «Հերացի» ազգային գիտահետազոտական կենտրոնից հայտնում են, որ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) վերջին ուսումնասիրությունը, որն իր տեսակի մեջ չորրորդն է, հաստատում է, որ Candidozyma auris վարակը (Candida auris) շարունակում է արագ տարածվել եվրոպական հիվանդանոցներում՝ լուրջ սպառնալիք ներկայացնելով պացիենտների և առողջապահական համակարգերի համար: Դեպքերի թիվն աճում է, բռնկումների մասշտաբները մեծանում են, և մի քանի երկրներ հայտնում են շարունակական տեղական վարակի փոխանցման մասին: Արդյունքներն ընդգծում են վարակի վաղ հայտնաբերման և փոխանցման դեմ պայքարի կարևորությունը՝ արագ տարածումից խուսափելու համար:

Candidozyma auris (C. auris) սունկ է, որը սովորաբար տարածվում է առողջապահական հաստատություններում, հաճախ կայուն է հակասնկային դեղամիջոցներին և կարող է ծանր վարակներ առաջացնել լուրջ հիվանդություններով պացիենտների մոտ: Տարբեր մակերեսների և բժշկական սարքավորումների վրա մնալու և պացիենտների միջև տարածվելու նրա կարողությունը հատկապես դժվար է դարձնում դրա դեմ պայքարը: 2013-ից 2023 թվականներին ԵՄ անդամ երկրները հայտնել են ավելի քան 4.000 դեպքի մասին, ընդ որում, միայն 2023 թվականին 18 երկրներում գրանցվել է դեպքերի զգալի թռիչքաձև աճ՝ մինչև 1.346 դեպք: Հինգ երկրներ՝ Իսպանիան, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան և Գերմանիան գրանցել են վերջին տասնամյակի դեպքերի մեծ մասը:

Վերջին բռնկումները գրանցվել են Կիպրոսում, Ֆրանսիայում և Գերմանիայում, մինչդեռ Հունաստանը, Իտալիան, Ռումինիան և Իսպանիան նշել են, որ այլևս չեն կարող ընդգծել հատուկ բռնկումները` տարածաշրջանային կամ ազգային լայն տարածման պատճառով: Այս երկրներից մի քանիսում կայուն տեղական փոխանցումը տեղի է ունեցել առաջին հաստատված դեպքից ընդամենը մի քանի տարի անց` ընդգծելով դրա տարածումը կանխելու համար կատարված վաղ միջամտությունների կարևորագույն ժամանակը։

Մինչ որոշ երկրներ դրական արդյունքներ են գրանցել C. auris-ի բռնկումները սահմանափակելու հարցում, շատերը բախվում են լուրջ մարտահրավերների: Չնայած դեպքերի աճող թվին, մասնակից 36 երկրներից միայն 17-ում է ներկայումս գործում Ազգային կառավարման համակարգը C. auris -ի համար: Միայն 15 երկրներում են մշակվել վարակների կանխարգելման և վերահսկման հատուկ ազգային ուղեցույցներ: Լաբորատոր ներուժը համեմատաբար ավելի բարձր է. 29 երկրներ հայտնել են սնկաբանության տեղեկատու կամ փորձագիտական լաբորատորիայի հասանելիության մասին, իսկ 23 երկրներ առաջարկում են թեստային փորձարկում հիվանդանոցների համար:

Չնայած C. auris վարակի դեպքերն ակնհայտորեն աճում են, առանց համակարգված հսկողության և պարտադիր հաշվետվությունների, խնդրի իրական շրջանակը, ամենայն հավանականությամբ, թերագնահատված է:

2018 թվականից ի վեր ECDC-ն պարբերաբար գնահատում է համաճարակաբանական իրավիճակը, լաբորատոր կարողությունները և պատրաստվածությունը C. auris ի վերաբերյալ չորս հետազոտությունների շրջանակներում և հրապարակում է գործառնական ռիսկերի գնահատումներ` ներառյալ վարակի կանխարգելման և վերահսկման տարբերակները:

Այս ամենն արվում է C. auris -ի բռնկումները կանխելու կամ տեղայնացնելու և վարակի հետագա փոխանցումը կանխելու, ինչպես նաև անդամ պետություններին աջակցություն ցուցաբերելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder