ՈՒՂԻՂ. Փաստաբանը ներկայացնում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման մանրամասները
Իրավունք
12:04 26/09/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Փաստաբանը ներկայացնում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման մանրամասները

Փաստաբան Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ներկայացրեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման մանրամասները, դրա ոչ իրավաչափ և ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի դիրքորոշումը։

«ԱՆԻՖ-ի՝ պետությանը պատկանող բաժնեմասերի վերահսկողությունը տարբեր ժամանակներում տարբեր գերատեսչությունների է վերապահվել, վերջում փոխանցվել է էկոնոմիկայի նախարարությանը։ Նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ խորհուրդի կազմ է փոխվել, տնօրենին աշխատանքից ազատել են ապօրինի կերպով, ինչը հաստատվել է դատարանի վճռով։ Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Փափազյանն ապօրինի է ազատվել աշխատանքից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Փափազյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նրա խոսքով, նոր ղեկավարության պայմաններում ոչ միայն սկսել են ձախողել ընթացիկ ծրագրերը, այլև օդում ու թղթերի վրա են մնացել նախատեսված ծրագրերը։ Դրանից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԱՆԻՖ-ը գնում է փակման, ոչ մի ծրագիր չի իրականացվում, ոչ մի ներդրում չկա։ Լրագրողի հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ Վ. Քերոբյանի գործողություններում միտում չի տեսնում, բայց դրանց արդյունքում կան հետևանքներ, այդ գործողություններից հետո է առաջացել առկա իրավիճակը։

«Քրեական վարույթը նախաձեռնվել է շատ հետաքրքիր կերպով։ Կհիշեք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարույթ  կար Տիգրան Ավինյանի հետ կապված, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը ղեկավարելը համատեղվել էր սկզբում փոխվարչապետի, ապա փոխքաղաքապետի պաշտոնների հետ։ Դրա շրջանակում հանձնաժողովը հարցում է կատարում Ֆինանսների նախարարություն, որպեսզի պարզի՝ արդյո՞ք  Տիգրան ԱՎինյանը որպես խորհրդի նախագահ վարձատրվե՞լ է, թե՞ ոչ։ Նախարարությունից ասում են, որ չի վարձատրվել, միաժամանակ տեղեկություն են փոխանցում իրենց իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ։ Դրա հիման վրա Կոռուպցիայի հանձնաժողովը կասեցնում է իր մոտ եղած վարույթն ու ողջ փաթեթն ուղարկում է Հակակոռուպցիոն կոմիտե»,-մանրամասնեց փաստաբանը։

Կոմիտեում հարուցվում է քրեական վարույթ՝ մասնավոր ոլորտում պաշտոնական լիազորությունների չարաշահումների վերաբերյալ։ Բացի այդ, Պետական վերահսկողական ծառայությունն իրականացնում է ուսումնասիրություն ԱՆԻՖ-ում, ևս մեկ վարույթ հարուցվում խարդախության ու մասնավոր ոլորտում պաշտոնական լիազորությունների չարաշահումների վերաբերյալ։ Եվս մեկ վարույթ հարուցվեց այս տարվա օգոստոսի 15-ին փողերի լվացման, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու ու օգտագործելու հատկանիշներով։ Նույն օրը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել Դավիթ Փափազյանի ու ևս երկու անձի նկատմամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Դավիթ Փափազյանի նկատմամբ, որը 2019-2024 թվականներին զբաղեցրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը։ Փափազյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի երեք՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Դավիթ Փափազյանից բացի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանը և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը։ 

Հակոբ Ենոքյանը Փափազյանի դեմ հարուցված քրեական գործը համարում է անհիմն և ապօրինի։

«Վարույթն  իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ «Սի Էֆ Դաբլյու» ընկերությունը հիմնադրվել է ապօրինի, քանի որ հիմնադրման համար օգտագործվել է ենթադրյալ կեղծ փաստաթուղթ, հետևաբար   ընկերությանը փոխանցված կանոնադրական կապիտալը նույնպես ապօրինի է փոխանցվել։ Այդ կապիտալի մի մասը դասընթացների վրա ծախսելը, ինչպես նաև ծառայություններ ձեռք բերելը  դիտարկվել է փողերի լվացում։ Դասընթացները կազմակերպվել են գործընկեր կազմակերպության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության կողմից, որը կոչվում է Կովկասյան ծառայություններ։ Այդ ընկերությանը փոխանցված գումարները դիտարկվել է որպես փողերի լվացում, ընդ որում դիտարկվել է փողերի լվացում Դավիթ Փափազյանի ու Կարինե Անդրեասյանի կողմից, որոնք որևէ առնչություն չունեն երրորդ կազմակերպության հետ։ Բացի այդ, այն փաստաթուղթը, որը համարվում է կեղծ, չի հանդիսանում այն փաստաթուղթը, որի հիման վրա հիմնադրվել է այդ ընկերությունը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Դավիթ Փափազյանն իր ֆեյսբուքյան էջում քրեական վարույթի վերաբերյալ գրել էր. «Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյան սպասում է հերթական ձախողումը։ Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։

Հայտարարությանն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը.  «Հիմա էլ ԱՆԻՖ-ի տնօրենը... Հենց այն պահին, երբ որ հայտնվեց միջազգային հետախուզաման մեջ, հիշեց Նիկոլ Փաշինյանը մեր բոլորի հույսերը չգիտեմ ինչ է արել։ Ու տենց... Լավա չի ֆայմել 4 ամիս առաջ այդ հայտարարությունն անել, որ հիմա միջազգային կազմակերպությունները  հերթով իրեն ճանաչեն քաղբանտարկյալ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Փաստաբանը ներկայացնում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման մանրամասները