44-օրյայից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել. Աբրահամյան
Քաղաքական
09:48 27/09/2025

44-օրյայից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել. Աբրահամյան

«44-օրյա պատերազմից 5 տարի է անցել, սակայն այն պատճառները, որոնք դրված էին պարտության հիմքում, փոփոխության չեն ենթարկվել»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա հարցադրում է անում՝ ինչպե՞ս կարող էր հաջողություն գրանցվել, երբ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատերազմի անմիջական վտանգի դեպքում, պետությունը խաղաղից պատերազմական ռելսերի չի տեղափոխում:

«Երբ թշնամու ակնհայտ գործողությունների պայմաններում զորքերը պահպանությունից պաշտպանության ռեժիմի չեն բերվում:

Երբ կառավարումը ձախողվում է, իսկ կարևորագույն որոշումների վրա ազդեցությունը պատկանում է մարդկանց, ովքեր նույնիսկ մոտիկից համազգեստ չեն կրել կամ առաջնորդվում են բացառապես փառասիրության դիրքերից:

Երբ պահեստազորի` նախապես հաստատված պլանների փոխարեն իրականացվում է ջոկատ հավաքելու և հրամանատար ընտրելու ճանապարհը: Իսկ զորքը համալրելու փոխարեն ընտրվում է անհայտ ուղղությամբ ու անհայտ նպատակներով ջոկատների տեղակայումները:

Պարտության պատճառները շատ են, սակայն գլխավորը` պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակում հայտնված անձի գաղափարական, արժեհամակարգային մոտեցումներն էի, որի պարագայում այս պատերազմը չսկսված արդեն իսկ պարտությունը երաշխավորված էր»,- գրել է Տ.Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder