Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
5 տարվա մեջ անգամ գոնե մեկ անհետ կորածի ճակատագիր չի պարզվել, թող հավայի չխոսեն, որ աշխատում են. Անհետ կորածի ծնող
Անհետ կորածների ծնողները կրկին հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց։ Նշենք, որ նրանք նաև սեպտեմբերի 27-ին էին հավաքվել ՊՆ դիմաց։
44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանն ասաց, որ թեև հոկտեմբերի 27-ին պետք է այցելեին Եռաբլուր, բայց եկան ՊՆ, սակայն իրենց հարցերին պատասխան չստացան։
«5 տարի է քաշքշում են այստեղից այնտեղ, այնտեղից այստեղ։ Եկանք, փակեցինք դարպասները, պահանջում էինք Գլխավոր շտաբի պետ Ասրյանին, Կամո Վարդանյանին։ Հարցեր ունենք, որոնց պատասխանները պետք է ստանանք։ Այս 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ մեզ չի բավարարել իրենց պատասխանները, բայց արդեն հերիք է, դանակը ոսկորին է հասել»,- լրագրողներին ասաց Հ. Պողոսյանը։
Նա նշեց, որ եթե այսօր չընդունեն, շատ ճանապարհներ կոլապսի են ենթարկվելու, ամբողջ քաղաքը. «Սպասում ենք, որ գան ու ասեն ընդունելու ժամը։ Ըստ պատասխանների, կհասկանանք, թե ինչպես ենք շարժվում»։
Հ. Պողոսյանն ասաց, որ վերջերս պետական կառույցները սկսել են չհանդիպել անհետ կորածների ծնողներին։
«5 տարվա մեջ անգամ 1 անհետ կորածի ճակատագիր գոնե չի պարզվել։ Սա վկայում է այն մասին, որ այս տարիների ընթացքում ոչ մի գործ էլ չի արվել։ Գոնե 1 հոգու ճակատագիր պարզ լիներ, ասեին՝ այս մի հոգին այս ինչ տեղ զոհվել է, աճյունը հանել են կամ այս մի տեղը տարել են, գերեվարել են, полевой գեներալների մոտ մնում ա։ Խի՞, չկա՞ տենց բան, կա, մենք հիմա ենթադրություններ ենք անում, բայց պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է։
Թող հավայի չխոսեն, որ մենք աշխատում ենք։ Որ աշխատեիք, արդեն ահագին արդյունք կունենայինք։ Մենք ենք աշխատել, ինչ էլ աշխատել ենք։ Այսօր ինչ տվել ենք, մենք ենք տվել իրենց»,- ասաց Հ.Պողոսյանը։