Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հեղինակավոր բեմերում, հնչեցնել հայկական ազգանունը, կարևոր է ընդգծել, որ գալիս ես Հայաստանի օպերայից. Հայկ Տիգրանյան
Մշակույթ
12:40 29/09/2025
Հայաստան

Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հեղինակավոր բեմերում, հնչեցնել հայկական ազգանունը, կարևոր է ընդգծել, որ գալիս ես Հայաստանի օպերայից. Հայկ Տիգրանյան

Իտալիայի Պորտիչի քաղաքում նախօրեին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, բաս Հայկ Տիգրանյանը հանդես եկավ Ջ․ Պուչիննիի իտալական օպերային երաժշտարվեստի գլուխգործոց «Բոհեմ» օպերայում՝ կատարելով Կոլինիի դերերգը։

Ներկայացման արտիստական կազմից Հայկ Տիգրանյանը միակ հայ կատարողն էր, ում ելույթը հանդիսատեսն ու մասնագետները գնահատեցին որպես իտալական երգեցողության ոճի, լեզվի, կատարողական վարպետության և զգացմունքայնության ներդաշնակ ու տպավորիչ միաձուլում։ Նվագախմբի դիրիժորը Ջուզեպպե Ապրեան էր, բեմադրիչը՝ Ֆաբիո Գիզոն։

Բացօթյա ներկայացումը, որն անցկացվեց ծովափին մոտ գտնվող հնագույն ամֆիթատրոնի ոճով մեծ բեմահարթակում, հանդիսանում է իտալական մշակութային իրականության մի մասնիկ։ Դրանով ևս մեկ անգամ ընդգծվեց, որ դասական երաժշտությունը Իտալիայում ոչ միայն բեմի, այլև հասարակական կյանքի բնական շարունակությունն է։

«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հեղինակավոր բեմերում և հնչեցնել հայկական ազգանունը։ Կարևոր է ընդգծել, որ դու հայ ես, գալիս ես Հայաստանի օպերայից և ներկայացնում ես ոչ միայն ինքդ քեզ, այլև հայ կատարողական արվեստը, Հայաստանը՝ գործընկերներին, հյուրերին ու հանդիսատեսին։ Եվ հենց այդ գիտակցումն է ինձ համար ավելի պատասխանատու և ոգևորիչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Տիգրանյանը։

Երգիչը նշեց, որ առանձնահատուկ հպարտություն է իր համար գտնվել այնպիսի միջավայրում, որտեղ իր ուսուցչի՝ մեծանուն Գեղամ Գրիգորյանի անունը հիշատակվում է աշխարհահռչակ տենոր Լուչիանո Պավարոտիի անունի կողքին․ «Պատիվ է լսել, երբ հանդիսատեսն ասում է, որ շարունակող եմ այդ վեհ ձայների ու ավանդույթի, ինչը ստեղծել են իմ ուսուցիչն ու գործընկերները։ Սա ամենամեծ գնահատականն է թե՛ ինձ, թե՛ հայ վոկալ դպրոցի համար»։

Տիգրանյանն ընդգծեց, որ հատկապես կարևոր է, երբ հենց իտալացի հանդիսատեսն է մոտենում և գոհունակություն հայտնում, որ հայ երգիչը իտալական բեմում իտալերեն երգում է այնպես, որ նրանք հուզվում են․ «Սա վկայում է, որ հայ երգիչները տիրապետում են իտալական կատարողական տեխնիկային։ Իսկ դա մեծ ձեռքբերում է ոչ միայն ինձ, այլև մեր օպերային թատրոնի, մեր վոկալ դպրոցի համար»։

Նա նաև հիշեցրեց, որ «Բոհեմ» օպերան առաջին անգամ կատարել է Հայաստանում՝ դեռևս 2024 թ․ հունիսին, երբ բեմադրությունը իրականացրել էր բուլղարացի հայտնի ռեժիսոր Օրլին Անաստասովը, երաժշտական ղեկավարությունը՝ իտալացի դիրիժոր Դավիդե Մասսիլյան։ Այդ ներկայացմանը մասնակցել էին նաև աշխարհահռչակ հայ երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը և Հասմիկ Թորոսյանը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախաձեռնողը եղել է թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը։

«Այո, հայ վոկալ դպրոցը պատվով է ներկայանում աշխարհին։ Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում բեմադրվում են համաշխարհային մակարդակի օպերաներ»,- ընդգծեց Տիգրանյանը։

Սեպտեմբերն իսկապես հագեցած և ստեղծարար ամիս է եղել երգչի համար։ Իտալիա մեկնելուց ընդամենը մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, նա հանդես էր եկել Պուչիննիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում՝ Բոնզոյի դերերգով, իսկ սեպտեմբերի 24-ին՝ հայկական անզուգական Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ Քյոխվայի կերպարով։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին, Տիգրանյանը Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան լեգենդար համերգասրահի բեմում հանդես էր եկել Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայում՝ Կոմս դը Գրիյեի դերերգով։ Նրա խաղընկերներն էին տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Շեվալյե դը Գրիյե) և սոպրանո Քրիստինա Մխիթարյանը (Մանոն Լեսկո)։ Երեկոն, որ կրում էր «Համաշխարհային օպերային աստղերը» խորագիրը, տեղի ունեցավ Ե. Ֆ. Սվետլանովի անվան պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ա. Վ. Սվեշնիկովի անվան ռուսական պետական ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ։ Դիրիժորը Ֆյոդոր Բեզնոսիկովն էր։ Ներկայացումը հասանելի է նաև առցանց։

Մոսկվայի ելույթին նախորդել էին կրկին իտալական բեմադրություններ՝ սեպտեմբերի 4-ին Կարդիտելլո քաղաքում և օգոստոսի 31-ին Վայրանո Պատենորայի դղյակում՝ Պուչիննիի «Բոհեմ» օպերայի պրեմիերան։

Մեր հետ զրույցում երգիչը նշեց, որ իր համար նույնքան կարևոր է ոչ միայն միջազգային բեմերում ներկայանալը, այլ նաև այդ փորձը Հայաստան բերելն ու փոխանցելը նոր սերնդին։

«Այսօր հանդես եմ գալիս միջազգային բեմերում և դասավանդում եմ որպես վոկալ դասախոս Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում։ Վստահ ասում եմ՝ Հայաստանում կան երիտասարդ տաղանդներ, որոնք աշխարհին դեռ շատ ասելիք ունեն։ Հպարտ եմ մեր նոր սերնդով, նրանց ձայնով ու նվիրումով։ Հայ երգիչները այսօր օպերային աշխարհի ամենապահանջված աստղերից են, և ինձ համար մեծ պատիվ է կրել հայի ազգանունը ու ներկայացնել մեր մշակույթը միջազգային բեմերում»,- ասաց Հայկ Տիգրանյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ հեղինակավոր բեմերում, հնչեցնել հայկական ազգանունը, կարևոր է ընդգծել, որ գալիս ես Հայաստանի օպերայից. Հայկ Տիգրանյան