Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա Վարելի Գերիգիևի ղեկավարությամբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակը բացառիկ համերգով կշնորհավորի աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, իր գեղարվեստական ղեկավարի՝ լեգենդար դիրիժոր Վարելի Գերիգիևի ղեկավարությամբ: Իսկ հաջորդ օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա իր երբեմնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վարելի Գերիգիևի ղեկավարությամբ:
Աշխարհի երաժշտական մայրաքաղաքներին հատուկ այս բարձրակարգ համերգները տեղի կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին կկայան Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ յուրահատուկ ծրագրով. կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը, վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ, և Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա փայլուն ծրագրով՝ կատարելով Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտ, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերո»-ն:
Վալերի Գերգիևը, ով մեր օրերի ամենահայտնի դիրիժորներից է, անքակտելի կապերով կաված է Հայաստանի հետ: Ի թիվս աշխարհի տարբեր երկրներից ստացած բազում պարգևների ու ամենաբարձր կոչումների, Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշնով հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար (2009): Գերիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է նշանակվել մաեստրոն և ղեկավարել է 1981-1985թթ.: Իսկ նվագախմբի պատմության մեջ նա դեռևս միակ ոչ հայազգի ղեկավար է: Այն տարիներին երիտասարդ դիրիժորը Բեռլինում Հերբերտ ֆոն Կարայանի անվ. մրցույթում և Մոսկվայի Դիրիժորների համամիութենական մրցույթում հաղթանակ տանելուց հետո հրավիրվեց ղեկավարելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որին մեծապես նպաստեց այն ժամանակվա ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը: 1977թ-ից նա նաև Կիրովի թատրոնի (այժմ՝ Մարիինյան) գլխավոր դիրիժորի՝ Տեմիրկանովի ասիստենտն էր, իսկ 1988-ին ընտրվեց Մարիինյան թատրոնի երաժշտական ղեկավար: Այժմ Վալերի Գերգիևը հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը և Բոլշոյ թատրոնի գլխավոր տնօրենը:
Հայաստանյան տարիներին, ի թիվս եվրոպական ու ռուսական դասականների, Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններիը՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան, Խաղողագործյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Անգամ Մարիինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակ իր համագործակցությունը շարունակվել է այնպիսի հայ արտիստների հետ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ:
Վալերի Գերգիևը 20-21-րդ դդ երաժշտական օլիմպի ամենավառ ներկայացուցիչներից է, ինչպես նաև ամենահեղինակավոր մշակութային գործիչներից մեկը: Նա դիրիժոր-ռեֆորմատոր է, նրա բուռն և նպատակասլաց գործունեության շնորհիվ ռուս դասական երաժշտական աշխարհի դռները լայն բացվեցին արևմտյան ունկդրի առջև` պարգևելով նոր բացահայտումներ: Նրա ղեկավարման տարիներին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքներ նվաճեց՝ ներկայացնելով ոչ միայն նոր օպերային և բալետային ստեղծագործություններ, այլև կատարելով ընդարձակ սիմֆոնիկ երկացանկ: Գերգիևի շնորհիվ Մարիինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգա-թատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում:
Գերգիևը Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ հայաստանյան այցերից մեկի ժամանակ ասել է. «Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով»,- և նշել, որ իրենց նվագախմբում, ինչպես նաև աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանն, իրավմամբ, կարող է հպարտանալ։

