Ով հանդիպել է Հենրիկ Մալյանի հետ, նրա կյանքը փոխվել է. Սոֆիկ Սարգսյան
Օրվա թեմա
16:52 30/09/2025
Հայաստան

Ով հանդիպել է Հենրիկ Մալյանի հետ, նրա կյանքը փոխվել է. Սոֆիկ Սարգսյան

«Հենրիկ Մալյանը՝ «Եռանկյունի» ֆիլմի Մկրտիչներն է, «Մենք ենք, մեր սարերի»՝ հովիվները, «Նահապետի»՝ Նահապետը...

Հենրիկ Մալյանը «Հայ ֆիլմի» հիմնադիր Համո Բեկնազարյանից հետո մեր ազգային առաջին ռեժիսորն է։ Ոչ մեկին չեմ նսեմացնում, նրանք համաշխարհային են, բայց Հենրիկը մեր ազգային, խորքային ռեժիսորն է։

Մալյանը  բարձր էր գնահատում ազնվությունը, մաքրությունը, տանել չէր կարողանում անարդարությունը, նախանձությունը»,- մեծագույն ռեժիսոր Հենրիկ Մալյանին այսպես նկարագրեց կինոգետ  Ռոբերտ Մաթոսյանը։

Այսօր Գրականության և արվեստի թանգարանում բացվեց ցուցադրություն՝ նվիրված հանճարեղ ռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

Ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված են ռեժիսորի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը լուսաբանող և ԳԱԹ-ի արխվային հավաքածուին պատկանող վավերագրեր, որոնց մեջ առանձնանում են ինքնագրերը, «Կոմիտաս» չնկարահանված ֆիլմի մշակված ռեժիսորական սցենարը, ֆիլմերի ազդագրերը և այլն։



Ցուցահանդեսի բացման ժամանակ Ռոբերտ Մաթոսյանը, ով անձնապես է ճանաչել Մալյանին, նրա հետ ներկա եղել տարբեր միջազգային փառատոների, նշեց, որ օտար հանդիսատեսը բարձր էր գնահատում հայ ռեժիսորի ֆիլմերը։

«Անրի Վեռնոյի հետ նայում էինք հայկական ֆիլմեր, «Կտոր մը երկինք» ֆիլմը դիտելուց հետո ասաց՝  «ֆիլմ մը, որ քննություն կբռնե միջազգային արենայում։ Ան անառակների մասին»։

Panorama.am-ի հետ զրույցում Ռ. Մաթոսյանն ասաց, որ Հենրիկ Մալյանի կինոյի տեսակը կարելի է գտնել Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում. «Այդ մասին ասել է նաև Ալբերտ Մկրտչյանը։ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»... մեր հայկական կինոյի տեսակն է։ Ցավոք սրտի, կամաց-կամաց վերանում է»։

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյան՝ նույն ինքը «Նահապետի» Նուբարը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Հենրիկ Մալյանն իր համար դեռ 46 տարեկան է՝  ինչպես տեսել է առաջին անգամ, երբ առաջին կուրսի ուսանող էր։

«Այսքան տարի է անցել, ինքը մշտապես մեզ հետ է, քանի որ գործ ունենք եզակի մարդու հետ։ Մեծագույն հայի, մեծագույն հոգեբանի և մեծագույն ռեժիսորի հետ գործ ունենք՝  և կինոյում, և թատրոնում հավասարազոր»,- ասաց դերասանուհին։

Ս.Սարգսյանի ներկայացմամբ, Մալյանի համար արվեստում կարևորը մարդն էր, հայ մարդը և նրա բոլոր մտածումները հայրենիքի մասին էին։  

«Այդ ամենը փոխանցվել է նաև մեզ՝ իր մոտ սովորած և իր հետ աշխատած մարդկանց»,- ասաց նա։

Ս. Սարգսյանը նշեց, որ դժվար չէր աշխատել Մալյանի հետ որպես ռեժիսոր. «Մեկ հայացք էր գցում, ու ամեն ինչ հասկանում էինք։ Սիրում է քեզ, դու սիրում ես նրան, նա սիրում է  Սոսին, Սոսը սիրում է նրան։

 Սոսը երբ տեսնում էր ինձ, սկսում էր լացել. կարոտն էր առնում, չէր կարողանում առանց Հենրիկի, առանց Ֆրունզիկի, առանց Խորիկի»։

«Մեծ, կարևոր մարդ էր Մալյանը, ազնվագույն, գեղեցկագույն մարդ։ Գործ ունենք եզակի հանճարի հետ։ Վերամբարձ բառեր, կոչումներ, շքանշաններ չէր սիրում, սիրում էր պրոցեսը, աշխատանքը։

Մալյանի և դերասանների միջև վիճաբանություններ, անհամաձայնություններ չէին լինում։  Նման բան չէր կարող լինել Մալյանի հետ։ Էքստրասենս էր, ոչ միայն հոգեբան։ Զուսպ մարդ էր, բայց հայացքով ամեն ինչ ասում էր։

«Նահապետ» ֆիլմի նկարահանման ժամանակ օպերատոր Սերգեյ Իսրայելյանն ասում է՝ Սոս ջան, գնա, այնտեղ նստիր։ Նստեց, ասում է՝ Սոս, բայց ես չասացի կոնկրետ այնտեղ, ինչպե՞ս իմացար հենց այնտեղ։ Ասում է՝ Հենրիկ դու էս ինչ ես անում քո ուսանողների հետ, ոնց են զգում առանց խոսքի։ Այդ ամենն իրենից է մեզ փոխանցվել։

Ամեն րոպե սիրահարվում ես, խելագարվում ես, և այդ սիրո մեջ է այդ արվեստը»,- ասաց դերասանուհին։

Նա մշտապես հիշում է  Մալյանի խորհուրդները, այդ թվում՝ «գիրք ունեցեք ձեր պայուսակում»։

«Այսքան տարի պատասխանտու ենք իր առաջ։ Ինչ էլ անեմ արվեստում, ինստիտուտում, ես նրա առաջ պատասխանատու եմ։

Իմ կյանքը բաժանվում է մինչև Մալյանի հետ հանդիպումը և Մալյանի հետ հանդիպումից հետո։

Ով հանդիպել է նրան, այդպես է, կապ չունի՝ դերասան է, ռեժիսոր է։ Ամեն ինչ փոխվում է  նրա հետ հանդիպումից հետո։

Իր նկատմամբ սերը հավիտենական է, քանի մենք կանք։

Շնորհակալ ենք իրեն, որ հանդիպել ենք մեր ճանապարհին։ Կարևոր է, թե ում ես հանդիպել քո կյանքում։  Մենք երջանիկ մարդիկ ենք, որ հանդիպել ենք իրեն։ Ինքը միշտ ներկա է մեր կյանքում»,- ասաց Սոֆիկ Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ով հանդիպել է Հենրիկ Մալյանի հետ, նրա կյանքը փոխվել է. Սոֆիկ Սարգսյան