Պուշկինի փողոցում բռնկված հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ կանխվել է
Հասարակություն
08:20 30/09/2025
Հայաստան

Պուշկինի փողոցում բռնկված հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ կանխվել է

Երեկ երեկոյան Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է այսօր 02։31-ին։ 

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  երկհարկանի բաղդադե շինությունում (մոտ 525 քմ)։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։ 

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ  նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուշկինի փողոցում բռնկված հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ կանխվել է