Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի՝ պոպուլիստական նպատակով. Մինասյանը՝ կառավարությանը
Քաղաքական
11:19 30/09/2025
Հայաստան

Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի՝ պոպուլիստական նպատակով. Մինասյանը՝ կառավարությանը

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Զեկուցողն է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ  այս ոլորտը ներկայումս էլ գտնվում է  բավականին անկառավարելի վիճակում։

«Դուք հանրության առողջությունը ենթարկում եք ռիսկի, չեմ վարանում ասել՝ պոպուլիստական նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտների անունն ենք շահարկում։ Ավելի լավ է  օգնեք տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի իրենց մոտ անվտանգության համակարգերը ստեղծեն, ոչ թե հայտարարեք՝ որ չտուգանենք, հանում ենք այդ պահանջը։ Այդպես ցանկացած բան կարող եք ասել։  Ի վերջո խոսքը վտանգավոր թափոնների մասին է»,- ասաց Մինասյանը։ 

Նա նշեց, որ եթե մեկ տարվա ընթացքում են ընդունվելու նոր ակտեր, նշանակում է սրա բացասական հետևանքներն այդ ընթացքում կրելու են քաղաքացիները։ 

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ամրագրել, հստակեցնել Կառավարության, շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների որոշ իրավասությունները, մասնավորապես՝ օրենքով սահմանել թափոնների կառավարման ոլորտը կանոնակարգող որոշ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքը:

Նախատեսվում է Օրենքով ամրագրել վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորմանը վերաբերող կարգավորումները:

Նախատեսվում է Օրենքում որոշ լրացումների կատարմամբ հստակեցնել թափոնների հաշվառման, վտանգավոր թափոնների անձնագրավորման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաեւ թափոնների հեռացման վայրերում մոնիթորինգի եւ ուսումնասիրությունների իրականացման գործընթացները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder