Որտե՞ղ եք կարդացել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Փաշինյանին զայրացրեց ԵԽԽՎ պատգամավորի ձևակերպումը
Քաղաքական
15:45 30/09/2025
Հայաստան

Որտե՞ղ եք կարդացել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը. Փաշինյանին զայրացրեց ԵԽԽՎ պատգամավորի ձևակերպումը

«Դուք օգտագործում եք «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որտեղի՞ց այդ արտահայտությունը ձեզ, որտեղի՞ց եք կարդացել այդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, որ չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայեցված որևէ փաստաթղթում»,-  ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽ պատգամավորներից մեկի հարցին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում, այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ, համաձայնեցված բառապաշարի օգտագործումը»,- շարունակեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կոչով դիմել է ադրբեջանցի գործընկերջը, որպեսզի պարզաբանի՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է այդ «Զանգեզուրի միջանցքը»:

«Քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը», որովհետև եթե պարզվի՝ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք՝ որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից։ Դա արդեն իսկ ձեռքբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է:

Կներեք, ինձ շատ հետաքրքիր է՝ որտե՞ղ եք կարդացել այդ արտահայտությունը։  Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որը Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ավելին՝ վնաս է բերում խաղաղության գործընթաին, ուղիղ կերպով խախտում է  պայմանավորվածությունները»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder