Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չգիտեմ ինչ առիթով է ծնվել ծաղկաքաղ բառը, բայց յոնջափունջը՝ լրիվ բնական ճանապարհով. երբ քպ իշխանությունների ասածներն ու արածներն ես քաղում մի փնջի մեջ, ի մի ես բերում՝ այո՝ յոնջափունջ։
Ծանոթություն՝ յոնջան կարևոր կերային կուլտուրա է (լուսանկարում), կարելի է ասել՝ կերային մշակույթ, մանավանդ՝ նախընտրական ժամանակներում. Այլ կերպ, քան ներքոնշյալ դեպքերն են, կարող է փոխարինել ականջներից կախ գցվող լապշային։
Տեսեք.
Սկզբունքորեն՝ այնպես չի, որ ծնողները ուրախությունից ուշաթափվում են իրենց երեխաների՝ հեռախոսների մեջ մտցնելու փաստից՝ եթե ծնողը տալիս էր երեխային հեռախոս, հաստատ ոչ նրան կուրացնելու, կամ անհարմար էկրաններից խնդիրներ կարդալու համար. Ծնողին պետք է, որ իր երեխան անվտանգ ու ապահով գնա դպրոց ու վերադառնա տուն, որ ինքը կարողանա հետևել այդ ընթացքը։ Այսքանը։
Իսկ ԿԳ ՍՄ Ժաննա Անդրեասյանը ոչ միայն թեթևացնում է դասագրքերը գիտականությունից, այլև թեմաների, դասերի, խնդրագրքերի, տեղեկատվության մի մասը խցկում է էլտարածք, որոնք երեխան կարող է տեսնել, օգտվել դրանցից եթե ունի հեռախոս, պլանշետ։ Ծնողների համար լրացուցիչ ծախսեր, դժվարություններ, երեխաների համար՝ ևս մի քանի ժամ կապույտ ճառագայթող էկրան։ Վերջերս նույնիսկ Ժ.Ա-ն նեղացած պատմում էր, որ Մաշտոցին չի հանել այբբենարաններից, ուղղակի կոդի տակ է մտցրել, ու երեխաները, նույնիսկ ծնողները կարող են նրան տեսնել, կարդալ նրա մասին։ Եթե իհարկե ունեն հեռախոս։
Հայտնի չէ, թե որտեղ էր և ինչերով էր զբաղված նրա կուսակից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բայց այսօր (կարծես ոչ Ժ.Անդրեասյան կա աշխարհում, ոչ ունի կրթության մասին նրա կլիշեները՝ կլիշեներից ազատվելու նպատակով) հայտարարում է, որ պետք է արգելվի աշակերտներին դպրոցում հեռախոսներից օգտվելը։
Քանի որ քպ գլուխը չգիտե, թե ինչ է անում կամ ասում քպ գլուխը, պարզ է, որ քպ մի ձեռքն էլ չգիտե, թե ինչ է անում մյուսը։
Սոցցանցերի բարի օգտատերեր օրինակ նույնիսկ որոշեցին ծանոթացել նախարարին ու քաղաքապետին իրար հետ։
Կամ՝ քպ գլուխը՝ Փաշինյան Նիկոլը, Ստրասբուրգում երեկ շատ տարօրինակ զուգորդություններով խոսեց լրագրողների հետ հարցազրուցում։ Հայտարարեց, թե համոզված է, որ 26-ի ընտրություններում իրենց մանդատը երկարացվելու են, քանի որ իրենք օրգանական կապ ունեն «ժողովրդի» հետ։
Օրգանական։ Միակ գնահատականը դրան՝ քաղցկեղի պես, եթե ուղիղ ասենք։ Չարորակ ուռուցքը՝ մուրճով և այն ճոճելու մոլուցքով։
Հաջորդ հարցին, թե՝ ինչու է ՄԱԿ-ի ամբիոնը դառնում է հարցեր պարզաբանելու տեղ, երբ այդ ամբիոնից Փաշինյանը այնպիսի հարցեր է ուղղում Ալիևին, որոնց հարց չլինելու մասին հավատացնում է Հայաստանի ոչ յոնջակեր (հուսով եմ) քաղաքացիներին և որոնց մասով Ալիևի հետ արդեն պայմանավորվածություններ է ստորագրել։
Ու ես չգիտեմ ում տեղ է դնում Փաշինյանը Նիկոլը իրեն լսողներին, երբ պատասխանելիս. իբր իր խոսքը պարզեցնելու համար, օրինակը բերում է երթևեկության կանոններից, վթարից. «Մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում, ու էդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել, որ մարդկային անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը չենք նայում՝ կարող ա՞ դա նրանից ա, որ մենք մայրուղու երթևեկելի մասում ենք կանգնած, և էն, որ մենք ասում ենք՝ ժողովուրդ, կարո՞ղ ա մեզ ծանոթ մեթոդով որտեղից պատահի անցնենք փողոցը, այլ պետք ա անցնենք հետիոտնային անցումով...»։
Սա լկտիության գերագույն գլխավոր աստիճանն է։ Երբ խաղաղ Երևանում Փաշինյանի հրահանգով Փաշինյանի պահպանիչ մեքենաների հրոսախումբը մեծ արագությամբ է սլանում, ու հետո հարվածում հետիոտնային անցումով փողոցը հատող հղի Սոնային, նետում նրան մետրեր, առանց հետ նայելու գնում իր գործին՝ անտարբերությամբ թողնելով մանկամարդ կնոջը իր երեխայի հետ միասին մեռնելու նիկոլական-հեղափոխական ասֆալտի վրա... Ու ինչքան իրենց արածը չնստի իրենց մտքում ու սրտում, որ հենց այդպիսի օրինակով լրագրողներին բացատրի, թե որն է հայ ժողովրդի սխալը, որ վրաերթի է ենթարկվում։ Իբր՝ որովհետև չի անցնում «հետիոտնային անցումով»։
Եթե Փաշինյան Նիկոլն այս օրինակ էր բերում, հետին միտք ունենալով նաև ցույց տալ, որ վթարի թեման իր համար նաև հանգիստ-կիրառական է, որովհետև ինքը մեղավոր չէ... լրիվ հակառակն է ստացվում։
Երիցս հակառակ։
«Եվ ուրեմն»՝ իր բերած օրինակը շատ սուր հիշեցնում է՝ ինչքան էլ հետիոտնային անցումով քայլես, եթե կողքդ կա Փաշինյան Նիկոլ, դու ապահով չես։
Անահիտ Ոսկանյան