Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը. «Ամերիաբանկ»-ի ֆինանսական գծով տնօրեն
Տնտեսություն
13:48 30/09/2025
Հայաստան

Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը. «Ամերիաբանկ»-ի ֆինանսական գծով տնօրեն

«Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը ուրվագծում է «համարձակ նոր ուղի», որը համատեղում է իր հնագույն ժառանգությունը հավակնոտ տնտեսական տեսլականի հետ։  Հնադարի քարե վանքերից և հիասքանչ լեռնային լանդշաֆտներից մինչև Երևան՝ Հայաստանի նկատմամբ տարեցտարի աճում է զբոսաշրջիկների, ներդրողների, հետաքրքրությունը։ 2024 թվականին Հայաստանը ընդունել է ավելի քան 2.2 միլիոն այցելու, մի թիվ, որը ոչ միայն ազդարարել է համավարակի տարիներից վերականգնումը, այլև ընդգծել է երկրի աճող համաշխարհային գրավչությունը»։ Նման տվյալներ են ներառված Ֆորբս ամսագրի հրապարակած Հայաստանին նվիրված հատուկ զեկույցում։ Ճանապարհարդնորին գրավում է ոչ միայն Հայաստանի բնությունը, այլև հյուրասիրությունը, հնագույն մշակույթը։

Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի ղեկավար Լուսին Գևորգյանն էլ նշել է, որ Հայաստանն այժմ  ճանաչում է ձեռք բերում նաև բարձրորակ առողջապահական ծառայությունների միջոցով, որոնք և՛ մատչելի են, և՛ հուսալի։

«Այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ատամնաբուժությունը, կոսմետիկ վիրաբուժությունը, պտղաբերության բուժումը մեծ հետաքրքրություն են առաջացնում արտերկրում։ Մեր մասնագետներից շատերը միջազգային վերապատրաստում ունեն, և հաստատությունները համապատասխանում են ժամանակակից չափանիշներին»,-նշել է նա, ավելացնելով, որ առաջիկայում ձգտում են Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն-ը։

Այս նպատակին հասնելու համար պետությունն ու մասնավորը գործում են ձեռք ձեռքի տված։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանը ապրել է իր ժամանակակից պատմության ամենադինամիկ աճի շրջաններից մեկը։

«Մեր տնտեսությունը իրական արտահայտությամբ աճել է 44%-ով, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կրկնապատկվել է՝ դասելով մեզ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում»,-նշել է նա՝ ավելացնելով, որ այժմ աշխատում են նոր ներդրողներ Հայաստան բերելու ուղղությամբ։

Պապոյանը նշել է, որ կառավարության նպատակը միայն կապիտալի ներհոսքը չէ, այլ երկարաժամկետ արժեքի ստեղծումը։

«Մենք կենտրոնացած ենք բարձր տեխնոլոգիաների, արտադրության, գյուղատնտեսության և կանաչ էներգիայի նման ոլորտներում ընկերությունների ներգրավման վրա. ոլորտներ, որոնք կորոշեն Հայաստանի ապագա տնտեսական լանդշաֆտը»,-ասել է նախարարը։

Զեկույցում տեղ է գտել նաև Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը հարցազրույցը, որտեղ խոսվում է Հայաստանի տնտեսության մեջ բանկի նշանակալի դերակատարության մասին` որպես վարկային պորտֆելով խոշորագույն ֆինանսական հաստատությունը Հայաստանում:

Խոսելով Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստելու մասին՝  Բանկի տնօրենը նշել է.

«Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանն աջակցելու հարցում։ Հայաստանը դեռևս բավարար ճանաչում չունի համադրելի երկրների համեմատ, ուստի մենք համաշխարհային ներդրողների լայն ցանցի հետ ակտիվորեն կիսվում ենք տնտեսության և բանկային համակարգի վերաբերյալ տվյալներով։ Հայաստանի ներուժի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ սերտորեն աշխատում ենք ներդրումային բանկերի, ֆոնդերի և ինստիտուցիոնալ կառույցների հետ։ Այս շարունակական ներգրավվածությունը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ երկրի միջազգային իմիջի բարելավումը երկարաժամկետ գործընթաց է։ Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը»։

Ինչ վերաբերում է Հայաստանում արագ զարգացող ոլորտներին բանկի աջակցությանը, ապա Հովհաննես Թորոյանն ընդգծել է, որ բանկի ուժեղ կողմերից մեկն ընդհանուր տնտեսության, բիզնես միջավայրի և մեր հայրենակիցների վարքագծի լավ իմացությունն է։

«Մեր ղեկավար թիմի անդամներից շատերն ունեն խորհրդատվական կամ տնտեսության իրական հատվածում աշխատանքային փորձ, ինչը մեզ օգնում է բացահայտել մեծ ներուժ ունեցող ուղղությունները և դրանցում առաջատար ընկերությունները։

Ունենալով ամենամեծ վարկային պորտֆելը Հայաստանում` վերջին 12 ամսվա ընթացքում մենք կարողացանք այն ավելացնել` ապահովելով ավելի քան 35 տոկոսի աճ։ Հաճախորդների տարբեր սեգմենտներում 25-35 տոկոս աճին նպաստել է թիրախային մոտեցումը և շուկաների փոփոխություններին հարմարվելու մեր կարողությունը: Մենք ոչ միայն ֆինանսավորում ենք տրամադրում, այլև համագործակցում ենք մեր հաճախորդների հետ, կիսվում գիտելիքնով և խրախուսում լավագույն փորձի կիրառումը՝ ինտեգրելով բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) ստանդարտները։

Մենք նաև լայնորեն կիրառում ենք արհեստական ​​բանականություն՝ հաճախորդների վարքագիծն ավելի խորքային հասկանալու և տրամադրելու անհատականացված լուծումներ։ Ներկայումս ավտոմատացված մոդելները սպասարկում են մեր կողմից տրամադրվող սպառողական վարկերի ավելի քան 90 տոկոսը»,-ասել է Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրենը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը. «Ամերիաբանկ»-ի ֆինանսական գծով տնօրեն