Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություններին ընդառաջ լարված մթնոլորտ է ստեղծվել
Տնտեսություն
11:06 30/09/2025
Հայաստան

Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություններին ընդառաջ լարված մթնոլորտ է ստեղծվել

Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություններին ընդառաջ լարված մթնոլորտ է ստեղծվել։ Հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ՔՊ-ն իր թեկնածուին Վանաձորում փորձում է դարձնել բուհի ռեկտոր։ Բայց ամեն ինչ սկզբից։

2020-ին Արայիկ Հարությունյանն ուրախությամբ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ «Դրսից ռեկտոր է եկել». «Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր»։

Panorama.am-ի ունեցած տեղեկություններով, անցած տարիներին Ռ. Սահակյանը հրաժարվել է կատարել ՔՊ-ականների հանձնարարությունները, բուհը հնարավորինս զերծ է պահել քաղաքականությունից։ Այսօր արդեն ՔՊ-ականները պայքարում են Սահակյանի դեմ։ Մեզ ասացին, որ Սահակյանի դեմ ուղղված մեղադրանքները պետք է հենց այս համատեքստում դիտարկել։

Panorama.am-ը փորձեց մի քանի հարցերի պատասխաններ անձամբ Սահակյանից ստանալ, նա ներողություն խնդրեց, ասաց՝ զբաղված է։

Մեր ունեցած տեղեկություններով, Լոռու նախկին մարզպետ, այժմ ՆԳ փոխնախարար Արամ Ղազարյանը համոզել է, որ ռեկտորի ընտրություններին մասնակցի Վանաձորի մաթեմատիկայի ու բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը։ Ի դեպ, նա Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի կալանավորված ուսուցիչ Ա. Ծատուրյանի հարազատ եղբայրն է։

Ծատուրյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մտադիր է մասնակցել ռեկտորի ընտրություններին։ Հարցրեցինք նաև, թե ինչո՞ւ է պարոն Ծառուրյանը մոտ երեք տասնամյակ կրթւթյան ոլորտում լինելուց հետո հենց այսօր որոշում կայացրել մասնակցելու համալսարանի ռեկտորի ընտրությունների, արդոք ճի՞շտ են տեղեկությունները, որ նրան առաջադրվել համոզել է Արամ Ղազարյանը։

«Դա իմ որոշումն է, և ոչ մեկի հետ կապ չունի։ Ինձ ճանաչողները կարող են ասել, որ ես այն մարդը չեմ, որ ինձ կարող են համոզել։ Դա իմ որոշումն է»,-արձագանքեց Ծատուրյանը։

Կա կարծիք, որ Ծատուրյանին կօգնեն ռեկտորի մրցույթում հաղթել, որպեսզի հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին նա օգնի ՔՊ-ին քվե ստանալ։

«Լավ էլի, անհարմար հարցեր եք տալիս։ Ախր Դուք ինձ չեք ճանաչում, օրենք էլ կա, որ բուհերում քաղաքականությամբ զբաղվել չի կարելի»,-ասաց նա։

Ուշագրավ է, որ ըստ Panorama.am-ին հասած տեղեկությունների,  Ծատուրյանի թեկնածությանը սատարում է նաև ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նրան աջակցելու համար իր կապերն օգտագործում  է նաև Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություններին ընդառաջ լարված մթնոլորտ է ստեղծվել