Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Խայտառակ երկրում ենք ապրում. Ֆեյսբուքյան գրառման համար կնոջը տուգանել են 750 հազար դրամով, ապա հետախուզում հայտարարել
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 26-ին սոցիալական քարտ հանելու համար ՆԳՆ անձնագրային բաժանմունք գնացած քաղաքացի Գոհար Կիրակոսյանին սպառնացել են ազատազրկել՝ հայտնելով, որ նա գտնվում է հեռախուզման մեջ։
«Անցած ուրբաթ օրը բաժանմունքում տվյալներս ստուգելուց հետո ոստիկանություն են կանչում և ինձ բերման ենթարկում ոստիկանության հետախուզության բաժամունք, և հայտարարում են, որ գտնվում եմ հետախուզման մեջ սրանից երեք տարի առաջ Ֆեսբուքյան իմ էջով «բռնության» կոչ անելու համար դատարանով որոշված 748 հազար դրամ տուգանքը չմուծելու համար։ Ոստիկանությունից ոստիկանների ուղեկցությամբ ինձ տանում են Պրոբացիոն ծառայությունների կենտրոն, այնտեղ հաշվեհամար են տալիս, որ երկուշաբթի օրը մինչև ժամը 13:00 այդ գումարը պիտի վճարած լինեմ, եթե ոչ ապա գործս նորից կուղարկեն դատարան, այս անգամ արդեն կալանավորման որոշումով»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Գոհար Կիրակոսյանը։
Երեկ սահմանած ժամկետում նա չի վճարել գումարը, ասում է՝ չունի։ Եթե գործը հասնի հարկադիրին, ապա գույք կամ բանկային հաշիվներ էլ չունի, որ արգելանք կիրառվի։ Արցախյան առաջին պատերազմում եղբորը կորցրած գյումրեցի կինն արդեն 30 տարի մոր և քրոջ հետ վարձով ապրում է Երևանում։
748 հազար տուգանքի որոշումը դատարանը կայացրել է 2023 թվականին։ Գ. Կիրակոսյանն ասում է, գործազուրկ է եղել, վճարել չի կարողացել։ Այս ընթացքում մեկնել է Ռուսաստան աշխատելու։ Քանի որ մայրը հիվանդ է, այս տարվա հուլիսին վերադարձել է նրա կողքը լինելու համար, Հայաստանում էլ մի աշխատանք գտնելու հույսով։
«Անձնագրային բաժանմունքում ինձ ասացին՝ դուք հետախուզման մեջ եք։ Հարցնում եմ՝ երբանից։ Ասեցին, 2024 թվականի փետրվարից։ Բայց ես 2025-ի մայիսին էլ եմ դուրս եկել երկրից։ Ասեցի՝ էս ի՞նչ ուժեղ եք աշխատում»,-պատմում է կինը։
Դատական վեճի առարկա դարձած գրառումը նա ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է 2022 թվականին. «Գրել եմ. «Եթե ուզում եք փրկվեք, ս...ացրեք Նիկոլին» (կրճատումը՝ խմբ.)։
Մոտ երկու տարի առաջ Կիրակոսյանի 13 տարի գործող էջը փակվել է, այլևս չկա։
«Սա ահավոր, սարսափելի բռնապետություն է։ Խայտառակ երկրում ենք ապրում, փակում են բոլոր ընդդիմադիրների բերանները, մեր երկրում լիբերալ ֆաշիզմ է տիրում»,-ասում է Գոհար Կիրակոսյանը։