Արցախի ժողովրդի Վերադարձի Իրավունքը պետք է իրացվի. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի հարակից միջոցառմանը
Քաղաքական
14:58 01/10/2025
Հայաստան

Արցախի ժողովրդի Վերադարձի Իրավունքը պետք է իրացվի. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի հարակից միջոցառմանը

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 29-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում բանախոսել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և որին բանախոսել են նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելն ու Նիկոլա Վալդերը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Փոլ Ուիլյամսը:

Հյուրընկալ կազմակերպության ներկայացուցիչ Աբի Մքդուգալի ծանոթագրությունից հետո՝ շվեյցարացի խորհրդարանականները ներկայացրել են Խաղաղության շվեյցարական նախաձեռնության էությունն ու նպատակները: Նրանք նշել են, որ չի կարող կայուն ու արդար խաղաղություն լինել տարածաշրջանում՝ առանց Արցախի ժողովրդի վերադարձի: Փոլ Վիլիամսը բարձր է գնահատել նախաձեռնության նշանակությունը՝ կարևորելով հետագա փուլերում վերադարձի հիմնական հարցերի ու պայմանների հստակեցման անհրաժեշտությունը:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է տեղահանված արցախցիների ցանկությունը վերադառնալու Արցախ՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունն այդ գործում: Նա նշել է, որ իրավական հիմքերն ամբողջապես առկա են, և պարզապես քաղաքական կամք է պետք վերադարձն ապահովելու համար:

«Այսօր մեր պահանջը պարզ ու արդար է և համապատասխանում է միջազգային իրավունքին: Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները։ Վերադառնալ ոչ թե որպես սփռված ու սպառնալիքի ներքո գտնվող անհատներ, այլ որպես համայնք՝ ապրելու ապահով, արժանապատիվ, համախմբված, խաղաղ և կայուն կյանք։ Արցախցի փախստականների շրջանում Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով՝ 87%-ը ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Սա քաղաքական հայտարարություն չէ․ սա ժողովրդի կամքի հստակ և չափելի դրսևորում է»,-ասել է Բեգլարյանը։

Արցախի նախկին ՄԻՊ-ը նշել է, որ իրենց վերադարձի իրավունքը ոչ թե քաղաքականության, այլ իրավունքի հարց է։

«Միջազգային կարևոր կոնվենցիաները ճանաչում են բոլոր տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի իրավունքը։ Իսկ կոնկրետ Արցախի պարագայում, 2023թ․ նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի հայերի անհապաղ, անվտանգ և անարգել վերադարձը։

Բացի այդ՝ 2023 թ․ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 անդամ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը և Շվեյցարիան, ինչպես նաև ԱԽ երեք մշտական անդամներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, համատեղ կոչ արեցին Ադրբեջանին ստեղծել պայմաններ այն անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ։

Մենք բարձր ենք գնահատում նաև Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը՝ Շվեյցարիայի խորհրդարանում ընդունված 24.4259 համարի որոշման հիման վրա, որը կոչ է անում միջազգային խաղաղության ֆորում անցկացնել Արցախի հարցի շուրջ։ Սա այն ներառական և չեզոք երկխոսության մեխանիզմն է, որն անհրաժեշտ է իրավունքահեն և իրական կարգավորման նախապատրաստման համար։ Կարևոր է ընդգծել, որ այս որոշումը պարտադիր է Շվեյցարիայի կառավարության համար, և մեր ժողովուրդն ակնկալում է որոշակի առաջընթաց այս ուղղությամբ»,-ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով, վերադարձը իմաստալից և կայուն լինելու համար պետք է բավարարվեն հետևյալ պայմանները․

1.    Միջազգային անվտանգության կայուն ու ամուր երաշխիքներ, ներառյալ՝ տեղում մանդատակիր ներկայություն՝ քաղաքացիական բնակչության պաշտպանության համար։
2.    Ադրբեջանի ցեղասպանական վերահսկողության բացառում՝ հնարավոր նոր հանցագործությունները կանխելու համար։
3.    Համատեղ միջազգային և տեղական վարչակազմ՝ վստահություն ձևավորելու, վերականգնումն ապահովելու և մարդու իրավունքները երաշխավորելու համար։
4.    Հայաստանի հետ ցամաքային և օդային ապահով և հուսալի կապ։
5.    Ադրբեջանի հարակից տարածքների ապառազմականացում՝ իրական խաղաղության գոտի ստեղծելու համար։
6.    Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերացում, որը շարունակաբար խթանում է հայերի դեմ հանցագործությունները։
7.    Արդարությանն և իրական հաշտեցմանն ուղղված միջազգային ջանքեր՝ կայուն խաղաղության հիմքեր կառուցելու համար։

Միջոցառման ամբողջական տեսագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder