«Հրապարակ». 6 տարվա հետապնդումից հետո վերականգնվեց
Օրվա մամուլ
08:30 01/10/2025
Հայաստան

«Հրապարակ». 6 տարվա հետապնդումից հետո վերականգնվեց

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում, երբ 2019 թ. մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը և ՍԴ դիմեց` առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկեցին, նրան մեղադրանք առաջադրեցին` ինչ-որ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ապա դատավորի լիազորությունները կասեցվեցին: Նրա նկատմամբ քրեական գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան:

Գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը երկար դատաքննությունից հետո՝ 2025թ. հունվարի 22-ին արդարացման դատավճիռ կայացրեց՝ 6 տարվա քաշքշուկից հետո հռչակելով Դավիթ Գրիգորյանի և գործով անցնող մյուս անձի` Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Դատավճիռը բողոքարկվել է թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ:

Այսինքն, ի հեճուկս իշխանությունների և նախաքննական մարմնի, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Իսկ սեպտեմբերի 29-ին, շուրջ 6 տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված դատավոր Գրիգորյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հանրապետության նախագահին, որպեսզի նորից դատավոր նշանակեն Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի թափուր տեղում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder