Հայաստանի խաղաղ ատոմի ոլորտն այլևս վերածվել է աշխարհաքաղաքական շատ լուրջ մրցակցության տիրույթի. Վահե Դավթյան
Տնտեսություն
17:18 02/10/2025
Հայաստան

Հայաստանի խաղաղ ատոմի ոլորտն այլևս վերածվել է աշխարհաքաղաքական շատ լուրջ մրցակցության տիրույթի. Վահե Դավթյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը որոշում է կայացրել կառուցել ոչ թե մեծ ատոմակայան, այլ փոքր մոդուլային։ Նա նաև ասաց, թե նոր ատոմակայանի կառուցումը քաղաքական խնդիր չէ, և հայկական կողմն այդ հարցով միաժամանակ բանակցում է առնվազը 5 պետության հետ։

Վերոնշյալ հայտարարությունները մեկնաբանելու համար Panorama-am-ը դիմեց Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանին։

Վ. Դավթյան-Մոդուլայի ռեակտորի մասին գնահատականներն այօր առավելապես գտնվում են տեսական դաշտում, քանի որ գետնի վրա դեռևս չկա կյանքի կոչված նման ռեակտորի նախագիծ։ Ինչպես գիտենք, ԱՄՆ-ն մեզ առաջարկում են մոդուլային ռեակտորի կառուցման նախագիծ, խոսքը գնում է AP 300 մոդելի մասին։ AP 1000 ռեակտորի հիման վրա, բայց Միացյալ Նահանգներում առաջին մոդուլային ռեակտորը շահագործման կհանձնվի, եթե չեմ սխալվում, 2031 թվականին։

Առհասարակ 1979 թվականից ի վեր, այսինքը երբ ԱՄՆ խոշորագույն ատոմակայանում վթար տեղի ունեցավ, դրանից հետո ԱՄՆ-ում կյանքի չի կոչվել որևէ նոր ատոմակայանի կառուցման նախագիծ։

 Ռուսական պետական «Ռոսատոմ» կորպարացիայի կողմից առաջարկվող միանգամից երկու նախագիծ ունենք, առաջինը վերաբերում է մեծ՝ 1200 մգվ հզորությամբ ատոմակայանի կառուցմանը, երկրորդը՝ մոդուլային կայանի։ Մասնավորապես, ռուսական «ԶԻՕ Պոդոլսկ» գործարանում նախագծվում և կյանքի է կոչվում «Ռիթմ 200 Ն» մոդուլային ռեակտոր, որն այսօր առաջարկվում է ՀՀ-ին։ Այն, ի տարբերություն ԱՄՆ-ում նախագծվող մոդուլային ռեակտորների, ունի որոշակի առավելություններ։

Թերևս գլխավոր առավելությունն այն է, որ ՌԴ-ն արդեն իսկ հեռավոր հյուսիսում օգտագործում է «Ռիթմ 200 Ն» մոդուլային ռեակտորը, հայտնի «Լոմոնոսով» սառցահատ նավի վրա։

 Ռուսական մոդելը առանձնանում է բարձր սեյսմակայունությամբ, որովհետև սառցահատը աշխատում է էքստրեմալ պայմաններում՝ ամենօրյա ռեժիմով հատելով լուրջ հեռավորության սառույց, որի հաստությունը հասնում է մինչև 4-5 մետրի։ Ընդորում, այդ ռեակտորը, որը գտնվում է սառցահատի վրա,  գործում է լուրջ հարվածների պայմաններում։ Այդ ռեակտորի հզորությունը կազմում է մինչև 60 մգվ, շահագործման ժամկետը 50-60 տարի է։ Սա բավականին լուրջ ցուցանիշ է։

«Ռոսատոմ»-ն ունի այդ ռեակտորի շահագործման փորձը, ճիշտ է՝ ոչ գետնի վրա, այլ սառցահատի, բայց սա լուրջ հիմք կարող է հանդիսանալ Հայաստանի համար ընտրություն կատարելիս։

Առավել ևս, որ հայկական կողմը, ինչպես արդեն այսօր հայտարարվում է, փաստացի ունի որոշում մոդուլային ռեակտոր կառուցելու վերաբերյալ, մնում է հասկանալ, թե ում հետ կարելի է կատարել այդ աշխատանքը։

Panorama.am-Արդյո՞ք ճիշտ է Փաշինյանի հայտարարությունը, թե նոր ռեակտորի կառուցումը քաղաքական բաղադրիչ չունի և ՀՀ-ն բանակցում է միանգամից 5 պետության հետ։

Վ. Դավթյան-Կոնցեպուալ իմաստով խաղաղ ատոմն այն ոլորտն է, որը դուրս է եղել և այսօր էլ դուրս է քաղաքականությունից։ Օրինակ, նույն պատժամիջոցային ռեժիմը, որը սահմանված է ՌԴ-ի նկատմամբ, շրջանցում է միջուկային տեխնոլոգիաների, էներգիայի ոլորտում համագործակցությունը և  այս առումով այն հայտարարությունները, որ ատոմակայան կառուցելիս Հայաստանում նույնպես պետք է զերծ մնան քաղաքական գնահատականներից, ինչ-որ իմաստով օբյեկտիվ է։

Բայց մյուս կողմից առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի խաղաղ ատոմի ոլորտն այլևս վերածվել է աշխարհաքաղաքական շատ լուրջ մրցակցության տիրույթի։ Այստեղ մենք փաստացի ունենք երկու գերտերությունների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներ։ Կան, իհարեկե, որոշ առաջարկներ, բայց ոչ հստակեցված՝ Չինաստանից, Հարավային Կորեայից։ Սակայն դրանք հիմնականում վերաբերում են ընդհանուր միջուկային էներգետիկայի զարգացման տիրույթում համագործակցությանը, այլ ոչ թե հստակ նախագծման աշխատանքներին։

Ես առավել քան վստահ եմ, որ հայկական կողմից կայացվող որոշումն ինչ-որ իմաստով տեղավորվելու է նաև այսօր պաշտոնական Երևանի վարած արտաքին քաղաքականության ծիրի մեջ։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանին անհրածեշտ է մեծ հզորության ատոմային էլեկտրակայան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը կարող է դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Իրանում դրա պահանջարկն առավել քան կա՝ հատկապես հյուսիսային նահանգներում, որտեղ կա բավականին լուրջ էլեկտրաէներգետիկ պակասորդ։ Վրաստանում էլ գնալով աճում է էլեկտրաէներգիայի պակասորդը։ Ըստ այդմ, շուկայում ձևավորվելու է բավականին լուրջ պահանջարկ։

Հայաստանը կարող է այստեղ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, լինելով միակ միջուկային օբյեկտ ունեցող երկիր, հանդես գալ որպես խաղացող։ Սա կարող է լավ ռազմավարական կարգավիճակ մեզ ավելացնել։

Եթե ավելի կիրառական խոսենք, ապա ես կարծում եմ, որ մենք կարող ենք մեծ ատոմակայանի կառուցումը կապել այսօր կառուցվող Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի հետ, որովհետև դա այն նախագիծն է, որը կարող է թույլ տալ էապես ավելացնել Հայաստանից դեպի իրան էլեկտրաէներգիայի արտահանումը, իսկ այն նշանակում է որ մեզ էներգետիկ համակարգում անհրաժեշտ են լուրջ հզորություններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder