Քաղաքականությու՞ն, թե՞ Տնտեսություն
Քաղաքական
14:41 02/10/2025

Քաղաքականությու՞ն, թե՞ Տնտեսություն

Մի քմծիծաղեք՝ ես  գիտեմ, որ տնտեսությունը առանց քաղաքականության չի լինում։ Ավելին ասեմ՝ կա ոչ միայն տնտեսության քաղաքականություն, այլ, եթե քաղաքականություն բառի տակ դնենք լինելու, կամ ընթանալու ռազմավարությունը, ստացվում է, որ կա նաև քաղաքականության քաղաքականություն։ Ու սա տավտալոգիա չէ։

Անցնեք ժողովրդական լեզվին։

Պարզեցված՝ հանրությունը քաղաքականությունը ընկալում է որպես օդի մեջ խոսել, ինչպես ասենք ԱԺ-ում, իսկ տնտեսություն ասելով հիշում է իր սառնարանը, աշխատավարձը, աշխատանք չունենալը, կոմունալ ծախսերը, բենզինի գինը, ոռոգման ջրի գինը, որը, ըստ տնտեսագիտության ու ամեն ինչի գուրուի՝ բարձր է, քանի որ Երևանում քաղաքացիները սխալ են ատամ լվանում, միրգ-բանջարեղենի աճող գները, երբ չկան տեղական միրգ-բանջարեղենի սեզոնային էժանացումներ, որովհետև կամ տեղականը չկա, կամ էլ տեղականի քանակի համար մի կարճ սեզոն է ու վերջ, երբ հացը ավելի թանկ է, քան 1կգ կարտոֆիլը ու հաց պանիր էլ չէ, հաց-կարտոֆիլը արդեն թոշակառուների համար թանկ է ու հետը սոխ էլ չես ուտի՝ ինչպես սարկազմով տարիներ առաջ խորհուրդ էր տալիս Փաշինյան Նիկոլը, երբ կառավարության նիստում կորոնավիրուսի մակբեթը, որ հիմա էլ  «սոցիալական» քաղաքականությունն է ապահովում երկրի համար, հայտարարում է թե «բյուջեից 3 մլրդ 219 մլն դրամ հատկացվեց թոշակառուներին հետվճարի համար», իրենց հարազատ լեզվով թոզ փչելով՝ դա կազմում է յուրաքանչյուրի համար ոչ ավել քան 6 հազար դրամ, որը ձեռքդ չեն տա ու որպես կոմունալի վճար չեն ընդունի,... Այո, չես կարող խոսել տնտեսության մասին ու չանցնել դրա քաղաքականությանը։

Այս առումով, պիտի ասեմ, որ նկատել եմ, թե ինչ խելացի դիրք են բռնել Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման առաջնորդները։ Մի կողմից կարծես չեն խոսում քաղաքականությունից, տնտեսական վերլուծություններ են անում, մարզերի զարգացման ծրագրեր են մշակում՝ յուրահատկություններից ելնելով, մյուս կողմից՝ այդ բոլորը քաղաքականություն է։ Կարող ես խոսել տնտեսության մասին ու որպես 25-րդ կադր մտցնել քաղաքականությունը։

Այս առումով նիկոլենք ոչ շահավետ դիրքերում են՝ իրենց տգիտության ու երկրի՝ նույնիսկ տնտեսական հնարավորությունների կործանման փաստերի հետ,... բայց ե՞րբ են նիկոլենք հույսը դրել խելքի, գիտության, երկրի զարգացման ու շահերի վրա, ե՞րբ է եղել սեփական անկարողության գնահատում ու ընդունում, որ անշահավետ դիրքերն էլ կանգնեցնի նիկոլենց։

Այնպես որ՝ առաջիկա կես տարին նիկոլենք ստիպված են խոսել աննյութ քաղաքականությունից՝ ժողովրդական լեզվով ասած։

Հա, ու՝ ձեր թոռների հաշվին պարտք վերցնել ու նույնքան անշոշափելի «նվիրել» ձեզ՝ առաջին հերթին որպես ընտրակառաշք, երկրորդ՝ որպես միլիոնների բլաբլաբլա։ 

Մնում է որոշել՝ ինչն է  հիմա առաջնայինը՝ կեցությու՞նը, գաղափա՞րը, թե՞ արժանի կեցությունն ու առողջ գաղափարը։ 

Անահիտ Ոսկանյան  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքականությու՞ն, թե՞ Տնտեսություն