Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկաթուղային կապի շինարարությունը կարող է տևել առնվազն երկու տարի, բայց խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ վերագործարկելու. Ա. Միրզոյան
«Եթե խոսենք երկաթուղային կապի մասին, մասնագետներն ասում են, որ դրա կառուցումը կարող է տևել, օրինակ, առնվազն երկու տարի։ Բայց մենք խիստ շահագրգռված ենք հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև, ինչպես ասացի, մենք հիմնական շահառուներից մեկն ենք։ Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը։ Բայց սա հաղորդակցությունների մասով է»,-ասել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը՝ լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ մոտավոր ժամանակացույց, թե երբ Հայաստան-Թուրքիա սահմանները, մասնավորապես Թուրքիայի հետ սահմանը կբացվի ազատ տարանցման, ճանապարհորդությունների և այլնի համար, և արդյոք արդեն հայտնի՞ է, թե երբ է գործնականում սկսվելու այս երկաթուղային ուղին։
Նա նշել է՝ կա նաև Խաղաղության պայմանագրի հատվածը, որը նախաստորագրվել է Ադրբեջանի նախարարի և իմ կողմից։
«Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։
Օրինակ՝ մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը, կամ նույնիսկ ավելին՝ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։
Տեսեք, ինչպես արդեն ասացի, մենք պայմանավորվել ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Այժմ մենք, Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին, պետք է համաձայնեցնենք անցուղու և այն ընկերության, որոնց մասին ես հենց նոր հիշատակեցի, տեխնիկական լուծումները, տեխնիկական մանրամասները։
Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը»,-ասել է նա։