Դատավորը դատավճռով Միքայել Սրբազանին մեղադրեց լրիվ այլ հոդվածով. Արա Զոհրաբյան
Իրավունք
18:00 03/10/2025
Հայաստան

Դատավորը դատավճռով Միքայել Սրբազանին մեղադրեց լրիվ այլ հոդվածով. Արա Զոհրաբյան

«Մեզ համար կանխատեսելի էր այս դատավճիռը, պատժաչափն ու պատժատեսակը»,- Միքայել Սրբազանին 2 տարվա ազատազրկում նշանակելու մասին դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասաց Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, որ մի կարևոր բան տեղի ունեցավ. «Միքայել Սրբազանը մեղադրվում է 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Դատավորը դատավճռում կարդաց, Սրբազանին մեղադրեց 442-րդ հոդվածի  2 մասով նախատեսված արարք կատարելու համար։ Լրիվ ուրիշ հոդված է։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է  պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն։ Դատավորը լրիվ այլ հոդվածի մասին խոսեց»։

Հարցին՝ միգուցե՞ հուզված էր դատավորը, փաստաբանն ասաց. «Հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում»։ 

«Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր, Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442-րդ, ոչ 422-րդ հոդվածով նախատեսված արարք։ Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարելու, սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել»,- ասաց Զոհրաբյանը։ 

Նա նշեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։ 

«Միքայել Սրբազանն անկալում էր, հոգեպես պատրաստ էր, ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել և իրականացվում»,- ասաց Զոհրաբյանը։ 

Հիշեցնենք, որ քիչ առաջ  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վճիռը՝  Սրբազանին դատապարտելով 2 տարվա ազատազրկման։

Հանրային մեղադրողը պահանջել էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրել 2 տարի վեց ամիս ազատազրկում։

Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր էր ճանաչել Միքայել Սրբազանին ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել էր երկու մասով, այնուհետև կալանքի ժամկետը երկարաձգվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder